Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Ադրբեջանի նպատակը պայմանագիր ստորագրելը չէ, այլ բովանդակության համաձայնություն ստանալը»․ Հակոբ Բադալյան

96
Այսօր, 17:24
«Ադրբեջանի նպատակը պայմանագիր ստորագրելը չէ, այլ բովանդակության համաձայնություն ստանալը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կա այսպիսի մտայնություն կամ «փաստարկ», թե այն, որ Բաքուն չի ուզում ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, չի շտապում անել դա, վկայում է, որ պայմանագիրը այդքան էլ վատը չէ Հայաստանի համար, այլապես ինչո՞ւ պետք է Ադրբեջանը չշտապեր ստորագրել այդ պայմանագիրը:

Գործնականում, այս՝ առաերևույթ տրամաբանական թվացող փաստարկը, քաղաքական խորքի իմաստով վկայում է ոչ թե վերը նկարագրված առերևույթի մասին, այլ իրավիճակի ընկալման քաղաքական անհամարժեքության, կամ պարզապես՝ զուտ քարոզչական հնարքի:

Ադրբեջանը չի շտապում ստորագրել, որովհետև իր նպատակը պայմանագիր ստորագրելը չէ, այլ բովանդակության համաձայնություն ստանալը:

Մի քանի տարի է տարբեր ուղղություններից հնարավոր է լսել միտք՝ Ադրբեջանը շտապում է, Ալիևը շտապում է, Բաքուն շտապում է:

Մեկ էլ տեսնում ենք, որ այդքան էլ չի շտապում՝ չի շտապում ստորագրել պայմանագիրը:

Ինչո՞ւ: Որովհետեւ ոչ մի տեղ էլ չի շտապում: Ադրբեջանի համար այսպես ասած դիմացի կողմը Հայաստանը չէ, որքան էլ սա մեղմ ասած ցավալի է խոստովանելը: Ադրբեջանը խաղում է ավելի մասշտաբային հավակնությամբ և դա ըստ էության չի էլ թաքցնում: Հայաստանի հետ գործընթացը նրա համար ընդամենը ռեսուրս է այդ ավելի հավակնոտ շրջանակում, ավելի խոշոր տրամաչափի դերակատարների հետ հարաբերվելու համար:

Շտապելու մասին խոսակցությունները վկայում են, որ մեզանում կա հակառակորդի գործողությունների և մեթոդաբանության վերհանման խնդիր: Բաքուն ընդամենը լուծում է «հետ չընկնելու», ժամանակից հետ չմնալու, այսպես ասած՝ միշտ «ալիքի» վրա լինելու խնդիր: Եվ դարձյալ, ցավոք սրտի, այդ հարցում գոնե առայժմ գործում է արդյունավետ: Ադրբեջանը չի կարող շտապել: Չի կարող ոչ ոք, քանի որ շտապել կարող է միայն ժամանակի արագության չափ որոշելու կշիռ և տրամաչափ ունեցող սուբյեկտը:

Ադրբեջանը այդպիսի սուբյեկտ չէ, և թերեւս լավ է պատկերացնում, որ այդ պարագայում՝ «շտապողներին», ժամանակից առաջ ընկնողներին «նստեցնում» են տեղը: Իհարկե դա սպառնում է նաև ժամանակից հետ ընկնողներին: Այդ պատճառով էլ, հակառակորդը չի շտապում, այլ ընդամենը լուծում է ժամանակից հետ չմնալու խնդիր:

Նա ձեռք է բերել տեքստի շուրջ համաձայնությունը, և չի շտապում ստորագրել այն, որովհետև ձեռք բերած այդ ռեսուրսը հիմա պետք է հանի այսպես ասած ավելի լայն շրջանակում «սակարկությունների», դրա միջոցով փորձելով մնալ ժամանակի սահմանվող արագությանը համահունչ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան