Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

«Ֆրանսիան ուրանի նոր աղբյուրներ է փնտրում»․ Հակոբ Բադալյան

101
Այսօր, 16:06
«Ֆրանսիան ուրանի նոր աղբյուրներ է փնտրում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Անցնող օրերին դինամիկ և առատ լրահոսը թույլ չտվեց ուշադրություն հրավիրել մի իրադարձության վրա, որը Հայաստանի համար հետաքրքիր կարող է լինել թե քաղաքական իմաստով, թե նաև՝ համեմատական:

Մարտի 10-12-ին Պետական այցով Փարիզում էր Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոյևը: Նրա այցի ընթացքում Ֆրանսիայի և Ուզբեկստանի միջև ձեռք է բերվել ռազմավարական գործընկերության պայմանավորվածություն: Հիշեցնեմ, որ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական այցով Տաշքենդ էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Այդ ընթացքում նա եղել էր նաև Ղազախստանում:

Այստեղ իհարկե կա երկու հանգամանք: Ղազախստանն ու ուզբեկստանը ուրանի խոշոր արդյունահանողներ են, ունեն խոշոր պաշարներ: Իսկ Ֆրանսիան ուրանի խոշոր սպառող է: Հատկապես Աֆրիկայում դիրքեր կորցնելուց հետո, Ֆրանսիան փորձում է գտնել նոր աղբյուրներ և փնտրում դրանք նաև Կենտրոնական Ասիայում:

Ըստ ամենայնի, շեշտը դրվում է Ուզբեկստանի վրա: Հիշեցնեմ նաև, որ Ուզբեկստանը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ է: Ես ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստին, որ Ֆրանսիայի նախագահը վերջին ամիսներին բավականին ակտիվ, ամենամսյա հաղորդակցություն է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Այդ շփումներում Կենտրոնական Ասիայի թեման ինչպիսի՞ շեշտադրումներ է ունեցել, հրապարակայնորեն հայտնի չէ, բայց թերևս այն չէր կարող լինել ուշադրությունից դուս: Եվ բանը լոկ այն չէ, որ Ուզբեկստանը «թյուրքական աշխարհի» այն պատկերացման մաս է, որ ռազմավարական իմաստով ունի Թուրքիան:

Հարցն այն է նաև, թե Ֆրանսիան ինչպես է պատկերացնում Կենտրոնական Ասիայից տրանսպորտային լոգիստիկան դեպի Եվրոպա: Այլ կերպ ասած, Ֆրանսիան քննարկո՞ւմ է Միջին միջանցքի հարց Թուրքիայի հետ: Թե՞ դիտարկում շրջանցիկ երթուղի, օրինակ Հնդկաստա-Իրան-Հայաստան-Վրաստան Սև ծով ու Եվրոպա: Մեկ-երկու տարի առաջ նկատելի էր Մակրոնի ջանք այդ ուղղությամբ, բայց այսօր նա ակտիվ շփումների մեջ է Թուրքիայի հետ: Հետևաբար Միջին միջանցքի հետ կապված հարցը արդիական է: Ֆրանս-ուզբեկական բարձր մակարդակի հանդիպման համատեքստում սակայն ուշագրավ է ներդրումային պորտֆելի ցուցիչը: Միրզիոյևի այցի ընթացքում պատրաստվել է 6,5 միլիարդ եվրոյի ներդրումային նախագծերի փաթեթ, իսկ ընդհանուր առմամբ ֆրանս-ուզբեկական համատեղ ներդրումային փաթեթը գեևազանցել է 12 միլիարդ եվրոն:

Ահա այստեղ է, որ պատկերը «համեմատականի» առիթ է Հայաստանի պարագայում, որտեղ հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ հնարավոր է լսել մեկը մեկից տպավորիչ ճառեր ու անգամ կենացներ: Բայց, որքա՞ն է հայ-ֆրանսիական ներդրումային փաթեթը, որքա՞ն են կազմում Հայաստանում ֆրանսիական ներդրումները, ի՞նչ խոշոր ծրագրեր կան: Դրանց ծավալը, ներդրումային պորտֆելի մասշտաբը միայն թույլ կտա գնահատել միջպետական հարաբերությունների իրական բնույթն ու խորությունը:

Իհարկե լավ է, որ Հայաստանը պաշտպանական գնումներ է իրականացնում Ֆրանսիայից: Բայց, դա միջպետական հարաբերությունների խորության հարաբերական ցուցիչ է: Ի վերջո Հայաստանը գնումներ կատարում է տարբեր երկրներից: Առավել ևս, որ Ֆրանսիայից գնումների մասշտաբն էլ առանձնապես խոշոր չէ:

Միջպետական հարաբերությունների խորության, սերտության իրական աստիճանը չափվում է ներդրումային ծրագրերով եւ դրանց ինտենսիվությամբ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան