Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 մարտի, 2025 թ.

«Կոչ եմ անում Սարիկ Մինասյանին՝ որպես արժանապատիվ գյումրեցի, լքել ընտրարշավը»․ Սուրեն Սուրենյանց

171
Երեկ, 14:36
«Կոչ եմ անում Սարիկ Մինասյանին՝ որպես արժանապատիվ գյումրեցի, լքել ընտրարշավը»․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը․ «Սույն տեքստով դիմում եմ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ համայնքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին:

Ձեզ դիմում եմ՝ որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում մասնակից կուսակցության նախագահ և մարդ, ով անցյալում առիթ է ունեցել Ձեր հետ շփման՝ ստանալով դրական տպավորություն:

Հետպատերազմյան Հայաստանում, հատկապես՝ Արցախի կործանումից հետո, դժվարությամբ եմ հասկացել մարդկանց, ովքեր կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքին:

Դրանով հանդերձ, Սարիկ Մինասյանի՝ ՔՊ-ին անդամակցությունը, այդ կուսակցության կողմից առաջադրումը փորձել եմ դիտարկել ռացիոնալ մոտիվով:

Սարիկը գուցե այդ կերպ փորձել է օգտակար լինել իր քաղաքին:

Բայց վերջին օրերին կրկին իրավիճակ կտրուկ փոխվեց՝ պայմանավորված Փաշինյանի հակապետական հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանը գնում է մեր պետությունը լուծարելու ճանապարհով ու այս իրավիճակում՝ «Մեր Սարիկ»-ը դառնում է վիրավորական մի պիտակ, որից պետք է ձերբազատվի ցանկացած արժանապատիվ մարդ:

Քսան օր առաջվա Հայաստանը լրիվ այլ երկիր էր, այլ էր քսան օր առաջվա իրականությունը: Քսան օր առաջ լրիվ այլ բան էր «Նիկոլի Սասրիկը», այսօր այլ բան: Դու՝ Սարիկ, այլևս ներկայացնում ես մի Նիկոլի, ով գնում է միակողմանի ստորացուցիչ զիջումների, պետականության կործանման:

Մենք պետություն ենք կորցնում ու Գյումրիի ընտրություններն այլևս միայն Գյումրիի մասին չեն. դրանց նշանակությունն ավելին է:

Կոչ եմ անում Սարիկ Մինասյանին՝ որպես արժանապատիվ գյումրեցի, լքել ընտրարշավը՝ ազգակործան կապիտուլյանտների հետ չնույնանալու համար:

Պատմությունը ճշգրիտ ու դաժան գիտություն է և, վաղ թե, ուշ ցանկացած մարդու, գործչի վերաբերյալ տալու է հստակ դատավճիռ»: