Թրամփն Իրանին սպառնում է սարսափելի հետևանքներով՝ հութիներին աջակցելու համար
96
Այսօր, 20:26
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին հութիների հարձակումները կազմակերպելու մեջ, այս մասին նա գրել է TRUTH Social սոցիալական ցանցում։ «Թող ոչ ոք մոլորության չտրվի. հարյուրավոր հարձակումները, որոնք իրականացրել են Եմենի հութիները՝ չար ավազակներն ու գլուխ կտրող դահիճները, և որոնց ատում է հենց Եմենի ժողովուրդը, բոլորը ծրագրվել են Իրանում և կազմակերպվել են Իրանի կողմից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: ԱՄՆ-ի առաջնորդը նախազգուշացրել է, որ Անսար Ալլահ շարժման հետագա հարվածները կամ պատասխան գործողությունները կբախվեն բիրտ ուժի, և երաշխիք չկա, որ դրանով ամեն ինչ կավարտվի: Թեհրանը, ըստ Թրամփի, խաղում է «անվերահսկելի ահաբեկիչների անմեղ զոհի» դերը, մինչդեռ իրականում «թելադրում է նրանց յուրաքանչյուր քայլը, մատակարարում նրանց զենք, ֆինանսներ, բարձր տեխնոլոգիական ռազմական տեխնիկա և նույնիսկ, այսպես կոչված, հետախուզություն»։ «Հութիների կողմից արձակված յուրաքանչյուր կրակ այժմ կհամարվի զենքով և Իրանի ղեկավարության ցուցումով արձակված կրակոց, և Իրանը պատասխանատվության կենթարկվի և կկրի հետևանքները, և այդ հետևանքները սարսափելի կլինեն»,- հավելել է նա։ Շաբաթ երեկոյան ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց Անսար Ալլահի դեմ լայնածավալ գործողություն սկսելու մասին՝ իր շահերը պաշտպանելու նպատակով։ Միաժամանակ երկրի ռազմաօդային ուժերն սկսեցին հարվածներ հասցնել ապստամբների թիրախներին ողջ Եմենում, ներառյալ Սաադա նահանգը, որը համարվում է հութիների հենակետ: Անսար Ալլահի կողմից ստեղծված Առողջապահության նախարարության տվյալներով՝ ավիահարվածների զոհերի թիվը գերազանցել է 50-ը, գրեթե հարյուր մարդ վիրավորվել է։ Շարժումը խոստացել էր հարձակվել ամերիկյան բոլոր ռազմանավերի վրա՝ ի պատասխան Վաշինգթոնի ագրեսիայի։ Հութիները վերահսկում են Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը։ Մերձավորարևելյան հակամարտության սրվելուց հետո նրանք սկսեցին կրակել Իսրայելի հետ կապված նավերի վրա, ինչը կտրուկ նվազեցրեց Սուեզի ջրանցքով ծովային երթևեկությունը: Բացի այդ, ապստամբները հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ են հասցնում հրեական պետության տարածքներին՝ իրենց գործողությունները բացատրելով պաղեստինցիներին օգնելու ցանկությամբ: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Իսրայելը պատասխանում են Եմենի վրա կանոնավոր հրթիռային հարձակումներով։