«Ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը»․ Հրայր Կամենդատյան
76
Այսօր, 09:06
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե իշխանությունը հանրաքվեի թեմա է նետում հրապարակ, իսկ ընդդիմությունը շաբաթներով քննարկում է այդ թեման, հարցեր տալիս, բանավիճում, արձագանքում ու հակադարձում, ապա իշխանությունը հասել է իր նպատակին՝ հանրային խոսակցության կենտրոնը տեղափոխել իր ընտրած դաշտ։ Իսկ ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը։ Իշխանության խաղը պետք էր չընդունել։ ՔՊ-ն չունի խորհրդարանում սահմանադրական փոփոխության համար անհրաժեշտ 2/3-ը։ Հանրաքվեի թեման ինքնին դեռ չի նշանակում քաղաքական հաղթանակ։ Այն ընդամենը քաղաքական օրակարգի հերթական փորձն է։ Ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը։ Ծաղրել այդ նախաձեռնության քաղաքական անհեթեթությունը։ Ցույց տալ, որ իշխանությունը չունի անհրաժեշտ ձայները։ Չմտնել անվերջ բանավեճերի, հարցուպատասխանի և իշխանության կազմակերպած քաղաքական ներկայացման մեջ։ Եվ անմիջապես տեղափոխել հանրային քննարկումը մարդկանց իրական խնդիրների վրա։ Որովհետև իշխանության համար շատ հարմար է, երբ բոլորը քննարկում են իր առաջարկած թեման, իսկ ժողովուրդը մնում է իր առօրյա խնդիրների հետ միայնակ։ Ի՞նչ հարցեր պետք է հնչեին ամեն օր․ Ինչո՞ւ Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր, և ինչո՞ւ տնտեսական աճը չի վերածվում մարդկանց իրական բարեկեցության։ Ինչո՞ւ հարյուր հազարավոր քաղաքացիներ հայտնվել են վարկային տույժերի, տոկոսների ու տուգանքների ճիրաններում, և ինչո՞ւ պետությունը չի պաշտպանում նրանց ֆինանսական համակարգի անարդարություններից։ Ինչո՞ւ գույքահարկը դարձել է սեփական տունը պահելու ծանր բեռ, հատկապես տարեց մարդկանց համար, որոնք տասնամյակներով աշխատել են այդ տունը ձեռք բերելու համար։ Ինչո՞ւ դեղերի շուկայում քաղաքացին բախվում է բարձր գների, սահմանափակ ընտրության և մրցակցության վերաբերյալ լուրջ հարցերի, իսկ պետությունը չի ապահովում պատշաճ վերահսկողություն ու հասանելիություն։ Ինչո՞ւ թոշակառուն պետք է ընտրություն կատարի դեղի, սննդի և կոմունալ վճարի միջև։ Ինչո՞ւ իշխանությունը խոսում է Սահմանադրության մասին, երբ քաղաքացին իր առօրյա կյանքում բախվում է սոցիալական անարդարության, պարտքերի և գոյատևման խնդիրների։ Սրանք են այն հարցերը, որոնցից իշխանությունը չի կարող փախչել՝ պարզապես նոր քաղաքական թեմա նետելով։ Ընդդիմության գլխավոր սխալը․ Ընդդիմությունը չպետք է իշխանությանը պատասխանի միայն նրա բարձրացրած թեմաների շրջանակում։ Այն պետք է ստիպի իշխանությանը պատասխանել այն հարցերին, որոնք իշխանությունը չի ուզում լսել։ Քաղաքական նախաձեռնությունը նշանակում է ոչ թե ամեն հայտարարության հետևից վազել, այլ սեփական օրակարգը թելադրել։ Եթե իշխանությունը քեզ հրավիրում է իր խաղադաշտ, դու պարտավոր չես մտնել։ Դու կարող ես քո խաղը խաղալ՝ այնտեղ, որտեղ իշխանությունն ամենախոցելին է։ Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա։ Իսկ սոցիալական խնդիրները պետք է դառնային ընդդիմության ամենօրյա քաղաքական հարվածը։ Թեման առաջացել է իմ ընկեր Արեգ Սավգուլյանի հետ զրույցի ընթացքում»։