«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան
70
Այսօր, 03:06
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բարերարներին անվանարկելուց, նրանց արածը ուրանալուց, անուններ կպցնելուց, բանտարկելուց հետո Նիկոլ Փաշինյանը մի թեզ է դրել շրջանառության մեջ՝ «ՀՀ թիվ 1 բարերարը կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն են»։ Այսինքն՝ ՔՊ-ն է, ըստ Փաշինյանի։ Դե ասում է՝ 9,1 միլիարդ ԱՄՆ դոլարի լրացուցիչ մուտք է ապահովվել բյուջե։ Չգիտեմ՝ էն 7 մլրդ դոլար պարտքն էլ է մեջը, թե չէ։ Փորձենք հասկանալ՝ ում համար է կառավարությունը բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ։ Օրինակ՝ երեկ՝ նոյեմբերի 19-ին, դադարեցրին «Սոցիալական փաթեթ» ծրագիրը, որը գործում էր 14 տարի, ուներ 130 հազարի չափ շահառու՝ պետծառայողներ, ուսուցիչներ, մշակույթի, գիտության, զինվորական և այլ ոլորտի աշխատողներ։ Հիմա կառավարությունը, որ դա կտրեց, էդ շահառուների համար ինչո՞վ է բարերար։ Հաջորդ տարվա բյուջեով թոշակ չի բարձրանում (իհարկե՝ եթե հանրաքվե կամ արտահերթ ընտրություն չանի)։ Սկզբում ասում էին՝ 1000 դրամ կբարձրացնենք, հետո ասին՝ չէ։ Հիմա կառավարությունը 46 հազար դրամ ամսական թոշակ ստացող կիսաքաղց թոշակառուի համար բարերա՞ր է, թե չարագործ։ Հայաստանում պաշտոնապես աղքատ է 680 հազար մարդ, ոչ պաշտոնապես՝ դրա կրկնակին։ 2018-ից ի վեր բան չի փոխվել այդ մարդկանց կյանքում․ նրանց համար բարերա՞ր է ՔՊ կառավարությունը։ 100 հազարից ավելի մարդիկ անտուն են, վարձով են ապրում, որովհետև ՔՊ կառավարության ղեկավարի պատճառով զրկվել են տնից․ հարյուր հազարավորներն էլ տուն չունեն, որովհետև չունեն հնարավորություն գնելու․ նրանց համա՞ր էլ է ՔՊ-ն բարերար, ըստ Նիկոլի։ Հայաստանում կառավարության որոշումների պատճառով կյանքը թանկացել է՝ գույքահարկի կտրուկ աճ, բիզնեսի վրա անտանելի պարտավորություններ, գնաճ և այլն․ դրա ի՞նչն է բարեգործություն։ Ո՞ւմ է բարեգործություն արել քաղաքական մեծամասնությունը։ Իսկ ո՞ւմ համար է Նիկոլի կառավարությունը իրականում բարեգործ։ Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանը 2018 թվականի պաշտոնի ստանձնման հայտարարագրում նշում է բնակարան, դրամական միջոցները՝ 480 000 ՀՀ դրամ, եկամուտների հանրագումարը՝ 1,8 մլն դրամ։ 7 տարի անց՝ 2025-ի հայտարարագրում, նշում է 3 անշարժ գույք, որից երկուսը գնել է մեկ տարում՝ Իջևանում և Երևանում։ Ձեզանից քա՞նիսն է երկու անշարժ գույք գնել մեկ տարում՝ սրանց օրոք։ ՔՊ-ական Արայիկի 2024թ․ աշխատավարձը կազմել է մոտ 24 մլն դրամ։ Ժողովուրդ ջան, ձեզանից քա՞նիսն է տարեկան ստանում 24 մլն դրամ աշխատավարձ, 67 հազար դոլար։ Իսկ Արայիկ Հարությունյանը ստացել է պետական բյուջեից, որը տնօրինում է ՔՊ կառավարությունը։ Եվ ուրեմն, ո՞ւմ համար է կառավարությունը և իշխող մեծամասնությունը բարեգործ։ Այո, Արայիկ Հարությունյանի։ Սուրեն Պապիկյան, ՀՀ պաշտպանության նախարար։ 2018 թվականի հունիսի 8-ի հայտարարագրով ունեցել է մեկ հողամաս, մինչև պաշտոնի նշանակվելը՝ 2018թ․ առաջին 5 ամսվա եկամուտը կազմել է, ուշադրություն՝ 1 մլն 800 հազար դրամ։ Դա մինչ իշխանության հասնելն էր։ Ընդամենը 7 տարի անց, արդեն 2026թ․, մեր Սուրեն Պապիկյանը՝ 6 անշարժ գույք ունի, 16 մլն դրամ, 50 հազար դոլար, 30 հազար եվրո գումար և մոտ 30 մլն դրամ տարեկան աշխատավարձ։ Հիմա ո՞ւմ համար է կառավարությունը մեծագույն բարերար։ Բոլորինը չթվարկեմ, նույն կամ նման պատկեր է։ Հրաչյա Հակոբյան՝ Նիկոլի աներձագը՝ 8 անշարժ գույք, Արարատ Միրզոյանը՝ դղյակ, Գևորգ Պապոյան, Ալեն Սիմոնյան, մի ալարեք, բացեք նայեք։ Արդարադատության նախարարն ասում է՝ 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ 10 տարի հետո չունենամ․ հիմա արդեն 5 անշարժ գույք ունի։ Ժողովուրդ, թե իրենց իշխանությունը իրենց որքան իրական եկամուտ է բերել, դա դեռ կպարզվի իշխանափոխությունից հետո, ոչ մեկ միամիտ չէ, որ հավատա միայն իրենց հայտարարագրածներին, բայց կարծում եմ սա էլ է հերիք հասկանալու համար, թե ում ու ինչի համար է ծառայում Փաշինյանի կառավարության բարերարությունները։ Ժողովուրդ ջան, օրնիբուն աշխատում եք, ձեզ ո՞վ է պարգևատրում ու ինչքան։ Նախարարները 2025-ի Ամանորին ստացել են 7-9 միլիոն դրամի չափով պարգևավճարներ ամեն մեկը։ Փաշինյանը, կարդացի, նույն 2025-ին ստացել է 12 միլիոն դրամ պարգևավճար։ Մի ամսից էլի նոր տարի է։ Թե բա՝ կառավարությունը բարեգործ է։ Կառավարության կեցավայրի ծախսերը սրընթաց աճել են՝ 2018-ին 380 մլն էր, 2027-ին՝ 710 մլն դրամ։ Կառավարության կեցավայրում ովքե՞ր են ապրում, ժողովո՞ւրդը։ Հիմա ո՞ւմ համար է բարերար կառավարությունը։ Բա որ տեսնեք, թե ինչքան բիզնեսներ են բացել ՔՊ-ականները, նրանց ընտանիքի անդամները, բարեկամ-հարազատները ու պետության փողերով ինչ տենդերներ են շահում։ Մեր կառավարությունը սաղի համար է բարերար, բացի հայ ժողովրդից ու Հայաստանի ոչ ՔՊ-ական քաղաքացուց։ Անգամ Ադրբեջանի համար է մեծագույն բարերար, երկիր է նվիրում։ Կարճ ասած՝ ՀՀ պետական բյուջեն, իհարկե, բարերար չէ, բայց որ իրապես իր ձեռամբ դարձել է բարերար ՔՊ-ական պաշտոնյաների համար ու նրանց համար, ում ուզում են ՔՊ-ական պաշտոնյաները, դա փաստ է։ Էն ամենախեղճերը տեսնեք ինչեր են դարձել, երազանքներում անգամ չէին կարողանա պատկերացնել էն, ինչին հասել են։ Պետությունը ձեզ համար բարերար չէ, Սանտա Կլաուս է, ՔՊ-ի ամենաուժեղ բարերարն է, ստնտուն է, կերակրող մայրն է։ Իսկ կառավարության փողերը ո՞ւմ փողերն են․ ձեր, ժողովուրդ ջան։ Ուրեմն ՔՊ-ի բարեգործը դուք եք։ Բա ինչո՞ւ են եղունգներով պահում իշխանությունը, որովհետև էսպիսի բարերարի գրպանից ո՞վ կուզի դուրս գալ։ Միայն թե, իմ բարերար ժողովուրդ, մի քիչ կարելի է մտածել՝ դու, որ սրանց զրոյից դարձրիր ինչ որ արդեն կան, դո՞ւ ինչի ես հասել»։