ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որ դեպքում իշխանության հետ ես կկնքեի Ազգային համաձայնության հռչակագիր՝ սահմանադրության հանրաքվեի շուրջ։ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է ընդդիմությանը կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու առաջարկին և գնալ հանրաքվեի։ Պայմանն է՝ եթե հանրաքվեն չանցնի՝ ինքը հրաժարական կտա և չի առաջադրվի այլևս։ Ընդդիմությունն այս պահին առաջարկին մի պատասխան ունի՝ մենք քեզ չենք հավատում և կողմ չենք քվերակելու ալիևյան սահմանադրությանը։ Ինչ կանեի ես, եթե լինեի քաղաքական ուժ պառլամենտում, որի ձայնից կախված է հանրաքվեի ապագան։ Նախ կդիտարկեի երեք նախադրյալ․ 1.Հայաստանին պետք է խաղաղություն 2.Ժողովուրդը ուզում է խաղաղություն 3.Խաղաղության շուրջ իռացիոնալ ներքին առճակատումը ավելի է բևեռացնելու և թշնամացնելու հասարակությանը։ Հիմք ունենալով վերոգրյալը՝ ես կոնտրառաջարկ կանեի Նիկոլ Փաշինյանին։ Եթե ըստ Ադրբեջանի, Սահմանադրության փոփոխությունը խաղաղության գինն է, ապա խաղաղությունը պետք է ունենա բովանդակություն և կոնկրետ, չափելի և ժամկետավորված երաշխիքներ։ Ես պատրաստ կլինեի կողմ քվեարկել հանրաքվեին, եթե Փաշինյանը՝ որպես վարչապետ, ապահովում է նախապայմաններ։ Նախապայմաններ, որոնք պետք է կատարվեն մինչև հանրաքվեն և պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն հանրաքվեից հետո՝ հստակ ժամկետով։ Իմ պայմաններն են վարչապետին․ 1. Թելադրվողի կարգավիճակից ստանձնել թելադրողի կարգավիճակ՝ որպես ՀՀ արտաքին և անվտանգության շահերի պատասխանատու 2. Մինչև Սահմանադրության փոփոխությունը պահանջել Ադրբեջանից վեց ամսվա ընթացքում Ա/դուրս գալ ՀՀ օկուպացված տարածքներից Բ/հետ վերադարձնել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին Գ/լուծարել Արևմտյան Ադրբեջան համայնքը կամ կազմակերպությունը Դ/հրաժարվել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից Ե/ պարտավորվել պաշտպանել հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը՝ որպես հայկական 3. Սահմանադրության բարեհաջող փոփոխությունից հետո երեք ամսվա ժամկետում կնքել վերջնական խաղաղության պայմանագիր։ 4. Բոլոր երաշխիքները պետք է լինեն գրավոր։ Պահանջների մեջ կարող ենք դիտարկել երեք դեպք․ 1. Ադրբեջանը հրաժարվում է կատարել այդ պահանջները, հետևաբար խաղաղություն չի լինելու և Սահմանադրության փոփոխությունը հերթական զիջման ծուղակն է։ 2. Ադրբեջանը տալիս է երաշխիքներ, բայց վեցամսա ընթացքում մինչև նախանշված ժամկետը չի կատարում դրանք, հետևաբար վերջնական խաղաղությունը փուչիկ է և խաղաղություն չի լինելու։ 3. Ադրբեջանը տալիս է երեաշխիքներ և կատարում դրանք /ինչը տեսականորեն չենք կարող բացառել, բայց գործնականորեն համարում ենք անհնար/, բայց ելնում ենք այն բանից, որ Նիկոլ Փաշինյանը հավատում է Ադրբեջանին, ինչպես հավատում է հիմա։ 1-ին և 2-րդ դեպքերում Նիկոլ Փաշինյանը պարտավորվում է հրաժարվել իշխանությունից և չառաջադրվել նոր ընտրություններում։ Միայն 3-րդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է երաշխավորել իր բերած խաղաղությունը և շարունակել պաշտոնավարել (ինչը կլինի արդար)։ Իշխանության և ընդդիմության միջև այսպիսի համաձայնությունը կարող էր կնքվել միայն գրավոր։ Ես այն կանվանեի Ազգային համաձայնության հռչակագիր։ Միայն այսպիսի հստակ պահանջների դեպքում իշխանությունն այլևս չի կարող սահմանափակվել տեսական և դատարկ հայտարարությամբ, թե մենք փոխում ենք Սահմանադրությունը, որպեսզի խաղաղություն լինի։ Մնացած բոլոր դեպքերում իշխանությունը կատարում է երկու խնդիր․ 1. Իրագործել Ադրբեջանի պահանջը ամեն գնով, որը մեզ չի տալու իրական խաղաղություն 2. Պահպանել իր իշխանությունը՝ կրկին ամեն գնով՝ այդ թվում հայկական պետության հաշվին։ Իսկ ի՞նչ կանեի դուք»։