«Եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է բարձրացնել իր ձայնը». Մհեր Հակոբյան
53
Երեկ, 23:54
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս օրերին ինձ հաճախ են հարցնում՝ իրավունք ունի՞ արդյոք եկեղեցին խառնվել քաղաքականությանը։ Պատասխանեմ։ Իրականում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ՉԿԱ ՈՐԵՎԷ ԱՐԳԵԼՔ, որն արգելում է եկեղեցուն կամ հոգևորականներին մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Հոգևորականները ՀՀ քաղաքացիներ են և հենց այդ հիմքով ունեն նույն քաղաքական իրավունքները, ինչ մյուս քաղաքացիները։ Այլ հարց է, որ եկեղեցին, հաշվի առնելով իր համահայկական ու համազգային բնույթը, բարոյական առումով պետք է վեր կանգնած լինի որոշ «ճղճիմ» հարցերից, որոնցից շատերը սովորական պայմաններում կազմում են քաղաքական կյանքի բովանդակությունը։ Այս գյուղում՝ գյուղապետ, այս քաղաքում՝ քաղաքապետ, այս մարդը՝ պատգամավոր և այլն։ Բարոյական տեսանկյունից ընդունված է համարել, որ եկեղեցին չպետք է ներքաշվի նման գործընթացների մեջ։ Եվ սա, իրոք, ճիշտ մոտեցում է, քանզի եթե եկեղեցին ակտիվորեն ներգրավվի նման հարցերում, ապա կարժեզրկի ինքն իրեն։ Սակայն կան նաև գոյաբանական իրավիճակներ, որոնք, ցավոք, մեր պատմության մեջ քիչ չեն եղել։ Ավարայրն ու Սարդարապատը դրանց օրինակներն են։ Նման դեպքերում, իմ խորին համոզմամբ, քանի որ որևէ օրենսդրական արգելք չկա, եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է հանդես գալ և բարձրացնել իր ձայնը, նույնիսկ եթե դա ենթադրում է քաղաքական դիրքորոշում կամ մասնակցություն։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք պնդել, որ, օրինակ, 1918 թ. Մայիսյան հերոսամարտերից առաջ ևս եկեղեցին չպետք է միջամտեր քաղաքականությանը և պետք է լուռ մնար։ Իսկ նման մոտեցումն, անշուշտ, անընդունելի է։ Եվ այսպես՝ Հայ առաքելական եկեղեցին, այո՛, սովորական պայմաններում պետք է վեր կանգնած լինի քաղաքականությունից։ Սակայն երբ առաջանում են ազգի ու պետության գոյությանն առնչվող լրջագույն՝ գոյաբանական վտանգներ, եկեղեցին ոչ միայն իրավունք ունի, այլև ՊԱՐՏԱՎՈՐ Է արտահայտվել, այդ թվում՝ նաև քաղաքականության ոլորտում։ Հակառակ դեպքում եկեղեցին պարզապես կկորցնի իր հեղինակությունը»։