«Սա քաղաքական ընտրությունը բարոյական վերջնագրի վերածելու փորձ է»․ Դավիթ Անանյան
39
Այսօր, 17:06
ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ՝ նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրությանն ընդդիմացող ուժերին ներկայացրեց որպես խաղաղության խոչընդոտ։ Առաջարկեց հանրային ճնշմամբ փոխել նրանց դիրքորոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում քաղաքական գործընթացները տանել նրան, որ այդ ընդդիմությունն այլևս խորհրդարանում չլինի։ Եվ այս ամենը՝ հասարակության հիմնարար համաձայնությունը վերաշարադրելու անվան տակ։ Այստեղ խնդիրը հերթական անհեթեթ ու անհավասարակշիռ ելույթը չէ։ Խնդիրը պետության և հասարակության մասին մտածողությունն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Տարիներ շարունակ այս իշխանությունը, հատկապես Նիկոլ Փաշինյանը, հանրությանը բաժանելու լեզուն դարձրեց քաղաքական կառավարման միջոց՝ սևեր ու սպիտակներ, հներ ու նորեր, նախկիններ ու յուրայիններ։ Քաղաքական տարբերությունը ներկայացվեց որպես բարոյական անհամատեղելիություն, իսկ անհամաձայնությունը՝ որպես կասկածելի պատկանելության նշան։ Այսօր նույն տրամաբանությունը նոր ձևակերպում ունի․ կա՛մ ընդունում եք իշխանության սահմանադրական օրակարգը, կա՛մ խոչընդոտում եք խաղաղությանը։ Սա հանրային համաձայնություն ձևավորելու առաջարկ չէ։ Սա քաղաքական ընտրությունը բարոյական վերջնագրի վերածելու փորձ է։ Սահմանադրությունը կառավարության ծրագիր չէ, որն ամիսներ առաջ ընտրություններում մեծամասնություն գրանցած կուսակցությունը կարող է նույնացնել սեփական քաղաքական կամքի հետ։ Այն հասարակության հիմնարար համաձայնությունն է այն մասին, թե ինչ պետություն ենք կառուցում, ինչ սահմաններ ենք դնում իշխանության առջև և ինչպես ենք պաշտպանում նաև նրանց իրավունքները, ովքեր չեն համաձայնում այդ իշխանության հետ։ Չի կարելի տարիներ շարունակ խորացնել հասարակական ճեղքերը և միաժամանակ հավակնել վերաշարադրելու այն փաստաթուղթը, որը պետք է միավորի այդ հասարակությանը։ Չի կարելի համերաշխության իրավական հիմքը կառուցել քաղաքական բացառման վրա։ Խորհրդարանում ընդդիմության բացակայությունը հասարակության մեջ համաձայնության առկայություն չէ։ Խաղաղության երաշխիքների մասին հայտարարությունն այս հակասությունը չի վերացնում։ Վարչապետի անձնական քաղաքական կապիտալը չի կարող փոխարինել պետությունների ստուգելի պարտավորություններին։ Իսկ հեռանալու խոստումը չի պատասխանում գլխավոր հարցին՝ ինչի՞ վրա է հիմնվելու Հայաստանի անվտանգությունը, եթե խոստացված արդյունքը չկայանա։ Պաշտոնը կարելի է թողնել։ Պետությունը սեփական որոշումների հետևանքներից հեռանալ չի կարող։ Հենց այս պատճառով մեր դիրքորոշումն աներկբա է։ Հանրային ծայրահեղ բևեռացման, անհանդուրժողականության ու մասնատվածության պայմաններում և այս ապազգային իշխանության օրոք Սահմանադրության որևէ փոփոխություն ոչ միայն քաղաքականապես, այլև գոյաբանական առումով անթույլատրելի է։ Գոյաբանական՝ որովհետև վտանգվում է ոչ միայն այս կամ այն իրավական ձևակերպումը, այլ միասին պետություն լինելու գիտակցությունը։ Երբ հասարակության մի մասին դուրս ես դնում ընդունելի քաղաքական խոսքի շրջանակից, նրա անունից գրված հիմնարար համաձայնությունը կարող է դառնալ ոչ թե ընդհանուր պետության հիմք, այլ մի հատվածի հաղթանակի արձանագրություն մյուսի նկատմամբ։ Սա գործող Սահմանադրության անթերի լինելու պնդում չէ։ Սա մերժումն է պետության հիմքերը վերաշարադրելու այն գործընթացի, որի ընթացքում համաձայնությունը փոխարինվում է ճնշմամբ, իսկ հանրային վստահությունը՝ առաջնորդի անձնական անարժեք հավաստիացմամբ։ Մեր խնդիրը նույն բաժանումը հակառակ ուղղությամբ տանելը կամ վերարտադրելը չէ։ Իշխանության կողմնակից քաղաքացին նույնպես մեր համաքաղաքացին է, ոչ հակառակորդը։ Պաշտպանելու ենք նաև նրա իրավունքը՝ ապրելու մի պետությունում, որտեղ հիմնարար կանոնները չեն փոխվում որևէ առաջնորդի քաղաքական կամ կամայական հաշվարկով։ Նախ պետք է վերականգնել համերաշխությունն ու, առհասարակ, միասին պետություն լինելու վստահությունը։ Պառակտումը չի կարող լինել նոր Սահմանադրության հիմնադիր սկզբունքը»։