ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Պատրաստվո՞ւմ եք դադարեցնել ծխելը. Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է։ Անկախ նրանից, թե որքան երկար ժամանակ եք ծխել, դադարեցնելուց հետո օրգանիզմը սկսում է վերականգնվել, իսկ բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկը ժամանակի ընթացքում նվազում է։ Երբ որոշում եք հրաժարվել ծխելուց, հիշեք, թե ինչու եք դա անում՝ - Իմ առողջությունը կսկսի բարելավվել արդեն ծխելը դադարեցնելու առաջին ժամերից։ - Ավելի հեշտ կշնչեմ, իսկ հազը ժամանակի ընթացքում կնվազի։ - Կբարելավվեն համի և հոտառության զգացողությունները։ - Կբարելավվի իմ ֆիզիկական դիմացկունությունը և առօրյա ակտիվությունը։ - Կնվազի սրտանոթային հիվանդությունների, կաթվածի, թոքերի քրոնիկ հիվանդությունների և բազմաթիվ քաղցկեղների զարգացման ռիսկը։ - Կբարելավվի բերանի խոռոչի առողջությունը։ - Կբարելավվի վերարտադրողական առողջությունը, իսկ հղիության ընթացքում մոր և պտղի առողջական ռիսկերը կնվազեն։ - Ես կպաշտպանեմ իմ ընտանիքի անդամներին և շրջապատի մարդկանց պասիվ ծխելու վնասակար ազդեցությունից։ - Ես կխնայեմ գումար, որը նախկինում ծախսում էի ծխախոտի վրա։ Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին. Առաջին օրերին նիկոտինի նկատմամբ պահանջը կարող է ուժեղ լինել։ Դա ժամանակավոր է և սովորաբար աստիճանաբար նվազում է։ Հետևյալ քայլերը կարող են օգնել՝ - Ընտրե՛ք միջավայրեր, որտեղ ծխելն արգելված է (մարզասրահ, գրադարան, թանգարան, առևտրի կենտրոն և այլն)։ - Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ. քայլե՛ք, վազե՛ք, հեծանիվ վարե՛ք, լողով կամ յոգայով զբաղվե՛ք։ - Ձեռքերը զբաղված պահե՛ք. գրե՛ք, նկարե՛ք, գործե՛ք, օգտագործե՛ք հակասթրեսային գնդակ կամ այլ զբաղմունք։ - Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր։ Նախընտրե՛ք ջուրը և չքաղցրացված ըմպելիքները, սահմանափակե՛ք ալկոհոլի օգտագործումը, քանի որ այն կարող է ուժեղացնել ծխելու ցանկությունը։ - Եթե սուրճը առաջացնում է ծխելու ցանկություն, ժամանակավորապես փոխարինե՛ք այն այլ ըմպելիքով։ - Շեղե՛ք ուշադրությունը. կարդացե՛ք, լուծե՛ք խաչբառ, լսե՛ք երաժշտություն կամ զբաղվե՛ք այլ հետաքրքիր գործունեությամբ։ - Ծխելու ցանկության դեպքում ծամե՛ք առանց շաքարի մաստակ, կտրատած բանջարեղեն։ - Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5-10 րոպե և անցնում է, եթե չծխեք։ Եթե դժվարանում եք դադարեցնել ծխելը՝ դիմե՛ք մասնագետների օգնությանը: Ծխելը դադարեցնելու թեժ գիծ՝ 060 44 00 01 (անվճար և անանուն խորհրդատվություն)»։