Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան

82
Այսօր, 01:06
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԲժԻՇԿԸ ԹԵՍՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԱՆԳԻՐ ՍՈՎՈՐՈՂ ՉԷ․ ՄԻ՛ ՎԻՐԱՎՈՐԵՔ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՐՈՒՅԹԻ ԻՆՏԵԼԵԿՏԸ։
Առողջապահության նախարարը հերթական ռիլով այսօր հայտարարեց, որ բժիշկների անհատական լիցենզավորման գործընթացում բժիշկներին տրամադրվելու են ոչ միայն թեստերը, այլև դրանց ճիշտ պատասխանները։
Իսկ ինչո՞ւ այլ ճանապարհով չգնալ։
Արդյո՞ք ավելի տրամաբանական և արդարացի չէր լինի գործող այն բժիշկներին, որոնք արդեն անցել են սահմանված մասնագիտական հավաստագրման գործընթացը և ունեն գործող հավաստագրեր, մեխանիկորեն տրամադրել անհատական լիցենզիա՝ պահպանելով նրանց մասնագիտական իրավունքների շարունակականությունը։
Իսկ դրանից հետո մշակել հստակ և թափանցիկ մեխանիզմներ՝
Ո՞ր դեպքերում և ի՞նչ իրավական հիմքերով կարող է բժիշկը զրկվել անհատական լիցենզիայից։
Ի՞նչ ընթացակարգով պետք է իրականացվի բժշկի մասնագիտական գործունեության վերահսկողությունը։
Ի՞նչ քննություններ, մասնագիտական գնահատումներ կամ լրացուցիչ կրթություն պետք է անցնի բժիշկը լիցենզիան վերականգնելու համար։
Ինչպե՞ս պետք է ապահովվեն բժշկի բողոքարկման և արդար ընթացակարգի իրավունքները։
Այսինքն՝ ստեղծել ոչ թե բոլոր գործող բժիշկներին կասկածի տակ դնող, այլ մասնագիտական պատասխանատվության և որակի շարունակական վերահսկողության համակարգ։
Բայց փոխարենը բժիշկներին առաջարկվում է սովորել նախապես տրամադրված 160-170 թեստերն ու դրանց պատասխանները և համակարգչի առաջ վերարտադրել դրանք։
Սա ի՞նչ մասնագիտական գնահատում է։
Բժիշկների մասնագիտական կարողությունները չեն չափվում նախապես հայտնի պատասխաններն անգիր հիշելու ունակությամբ։
Բժշկական հանրույթը թեստերի պատասխանները մտապահելու դասընթացի կարիք չունի։ Այն կարիք ունի արդար, գիտականորեն հիմնավորված, մասնագիտական անկախությունը հարգող և իրական որակ ապահովող համակարգի։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան