«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
60
Այսօր, 18:36
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է թոշակառուին ասել պատանի, իսկ պատանուն՝ թոշակառու։ Եթե կատակից անդին, ապա սա իհարկե «վեր կաց և քայլիր»–ի կարգից է։ Այսինքն, ներկայանալ իբրև մի առաքյալ՝ մեղմ եմ ասում, որը թոշակառուներին «քայլեցնում» է, տվյալ պարագայում՝ նրանցից կերտում բիզնեսմեն։ Գործնականում, թոշակառուի ինքնազգացողությունը Նիկոլ Փաշինյանի սահմանած բնութագրերով չէ, որ պայմանավորվում է։ Եթե թոշակառուն շարժունակ է, էներգիայով լեցուն, հոգով երիտասարդ, իսկ մարմնով՝ շարժուն, ապա թոշակառու բնորոշումը նրան ամենևին չի «ապակտիվացնում»։ Իսկ, եթե մարդն իր էությամբ ավելի հանդարտ է, ապա նա կարող է միանգամայն արդարացիորեն սպասել թոշակառուի տարիքի և վայելել այդ տարիքի հանգիստ ու հանդարտ կյանքը, ինչը ամենևին նրա «ապակտիվացման» մասին չէ, այլ ընդամենը՝ կյանքի այդ հատվածը պարզապես հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության առավելագույն աստիճանով ապրելու պարզ, մարդկային ցանկության։ Պարզապես, դրա համար, իհարկե, թոշակառուն պետք է ստանա բավարար կենսաթոշակ, գոնե քառորդն այն աշխատավարձերի, որ հունվարի 1–ից ստանալու են Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության պաշտոնյաները։ Հենց այստեղ է թերևս Փաշինյանի մտքի էությունը։ Նա թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին, հույս դնել, թե կառավարությունը կապահովի բարձր թոշակ։ Առավելագույնը, որ կանի կառավարությունը՝ ընտրաթոշակն է՝ նախընտրական որոշումներով, մի քանի հազար դրամով ավելացնելով թոշակը։ Պարզապես, փորձում է ձևակեպել այդ հորդորը առավել «կրեատիվ» ոգով, ասելով, թե՝ «դուք դեռ երիտասարդ եք, բիզնեսով զբաղվեք»։ Իսկ թոշակառուն թերևս Փաշինյանից լավ գիտե, թե ինչով կարող է կամ պետք է զբաղվի ինքը, և գուցե նույնիսկ ավելի լավ գիտե, թե ինչով կարող է զբաղվել հենց Նիկոլ Փաշինյանը, թոշակառուներին «մոտիվացնելու» փոխարեն»։