«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան
48
Այսօր, 23:36
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը. «ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԸ․ Առողջապահության նախարարության քաղաքականությամբ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է տուբերկուլոզի կաբինետների գործունեության կենտրոնացում՝ փաստացի փակելով գործող կաբինետները, և այսուհետ ամբողջ Երևանում նախատեսվում է պահպանել ընդամենը չորս պոլիկլինիկայում գործող տուբերկուլոզի կաբինետ։ Բազմիցս եմ բարձրաձայնել այս կաբինետների կարևորության, դրանց հասանելիության և հատկապես տուբերկուլոզի վաղ հայտնաբերման ու կանխարգելման գործում ունեցած նշանակության մասին։ Տուբերկուլոզը պարզապես առանձին պացիենտի առողջական խնդիր չէ։ Այն հանրային առողջապահության լուրջ մարտահրավեր է, սոցիալական գործոններով պայմանավորված հիվանդություն, որի դեմ պայքարը պահանջում է ոչ թե կանխարգելիչ ծառայությունների սահմանափակում, այլ դրանց հասանելիության ընդլայնում։ Տուբերկուլոզի դեմ պայքարը չի սահմանափակվում հիվանդի բուժմամբ։ Այն ներառում է վաղ հայտնաբերում, կոնտակտավորների հետազոտություն, համաճարակաբանական հսկողություն, կանխարգելիչ միջոցառումներ և բնակչության հետ շարունակական աշխատանք։ Իսկ ի՞նչ է տեղի ունենալու, երբ Երևանի բնակիչների համար այս ծառայությունների հասանելիությունը սահմանափակվի ընդամենը չորս պոլիկլինիկայով։ Արդյո՞ք գնահատվել են բնակչության սպասարկման աշխարհագրական հասանելիությունը, հնարավոր ուշացումները, հիվանդության վաղ հայտնաբերման ցուցանիշների փոփոխությունը և համաճարակաբանական ռիսկերը։ Արդյո՞ք առողջապահության նախարարությունը հաշվարկել է, թե նման կենտրոնացումը ինչ հետևանքներ կարող է ունենալ տուբերկուլոզի տարածման կանխարգելման համար։ Կանխարգելիչ ծառայությունների կրճատումը կարող է հանգեցնել հիվանդության ուշ հայտնաբերման, չբացահայտված դեպքերի ավելացման և, որպես հետևանք, Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի տարածման ռիսկի մեծացման։ Տուբերկուլոզի դեմ պայքարը պահանջում է ուժեղացնել առաջնային օղակը, ոչ թե թուլացնել այն։ Հարցս առողջապահության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին է՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե այս որոշման հետևանքով տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման համակարգի արդյունավետությունը նվազի։ Հ․Գ․ Ճիշտ եք անում, հարգելի՛ իշխանականներ։ Փակեք տուբերկուլոզի կաբինետները, սահմանափակեք կանխարգելիչ ծառայությունների հասանելիությունը։ Չէ՞ որ հանրային առողջության հաշվին տնտեսված գումարները կարող են շատ ավելի օգտակար լինել ձեր գործուղումների և պարգևավճարների համար։ Իսկ քաղաքացիների առողջությո՞ւնը։ Դե, դա, ըստ երևույթին, ձեր առաջնահերթությունների ցանկում այնքան էլ բարձր տեղ չի զբաղեցնում»։