Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
![]() 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման վեցերորդ տարելիցի օրը Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը՝ պահանջելով հրապարակային և հստակ պատասխանել ստանձնած խաղաղապահ առաքելության իրականացման վերաբերյալ հարցերին ու պարզաբանել այն պատճառները, որոնց հետևանքով առաքելության նպատակներն այդպես էլ չիրագործվեցին։ «Հայտարարության ընդունումից հետո դրա իրականացման քաղաքական պայմաններն էապես փոխվեցին։ Շրջադարձային եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը, որի արդյունքներով Հայաստանի ղեկավարությունը վերահաստատեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։ Այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ընդ որում, հրապարակված հայտարարությունն Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ առանձին երաշխիքներ չէր պարունակում։ Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում էր մնալ Արցախում։ Ռուսաստանը մնում էր հայտարարությունը ստորագրած կողմերից մեկը։ Փաստաթղթի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսվում էր խաղաղապահների տեղակայում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ հնգամյա ժամկետով և հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Ըստ 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը մնում էր ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Եթե ռուսական կողմը կարծում էր, որ քաղաքական պայմանների փոփոխությունը սահմանափակել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցում խաղաղապահ առաքելության հնարավորությունները, ապա ինչո՞ւ այդ մասին ժամանակին և միանշանակ չհայտարարվեց։ Ինչո՞ւ էին շարունակում հնչել հրապարակային հավաստիացումներ, որոնց վրա արցախցիները հիմնվում էին սեփական անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս։ Ավելին, 2023 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ հաստատեց, որ խաղաղապահների մանդատը շարունակում է գործել, իսկ հումանիտար հարցերն ու էթնիկ զտումների կանխման խնդիրը պահպանում են իրենց արդիականությունը։ Այդուհանդերձ, հենց ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ժամանակահատվածում Արցախը ենթարկվեց շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, որին հաջորդեց հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանումը։ Փաստացի, ռուս խաղաղապահների աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանական բնույթի ողբերգություն, որը նրանք չկարողացան կանխել։ Մեր ժողովուրդը զրկվեց իր տներից և հայրենի հողում ապրելու հնարավորությունից՝ չնայած խաղաղապահ առաքելության ներկայությանն ու Ռուսաստանի ղեկավարության հրապարակային հավաստիացումներին։ Մենք Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք. Հրապարակավ պարզաբանել, թե ինչու խաղաղապահ առաքելությունը չկարողացավ կանխել Լաչինի միջանցքի շրջափակումը, ռազմական գործողությունների վերսկսումը և Արցախից հայ բնակչության վտարումը, ինչպես նաև հայտնել, թե ինչ գնահատական է տրվել խաղաղապահ զորակազմի գործողություններին ու անգործությանը։ Պարզաբանել, թե իրավական և քաղաքական ինչ հիմքերով է ռուսական խաղաղապահ զորակազմը 2024 թվականին դուրս բերվել Ղարաբաղից՝ մինչև հայտարարությամբ նախատեսված սկզբնական հնգամյա ժամկետի լրանալը, և այդ որոշումը կայացնելիս ինչպես են հաշվի առնվել տեղահանված բնակչության անվտանգության ու վերադարձի հարցերը։ Միանշանակ հայտարարել՝ պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը գործուն միջազգային երաշխիքների առկայության դեպքում աջակցել արցախահայության կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տներ, և կոնկրետ ինչ դիվանագիտական քայլեր է պատրաստ ձեռնարկել այդ ուղղությամբ։ Օգտագործել Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա հնարավորություններն ու դիվանագիտական գործիքակազմը՝ նպաստելու Ադրբեջանում պահվող բոլոր հայերի ազատ արձակմանը, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը։ Պահանջում ենք սույն դիմումն ուղարկել Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին և մեզ տրամադրել բովանդակային գրավոր պատասխան։ Խաղաղապահ առաքելության ավարտը չի փակում դրա արդյունքների համար պատասխանատվության հարցը։ Մենք Ռուսաստանից ակնկալում ենք բաց և անկեղծ խոսակցություն տեղի ունեցածի շուրջ, ինչպես նաև մեր իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ գործողություններ»,– նշված է հայտարարության մեջ։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
