Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 մարտի, 2025 թ.

«Քանի Սերժը չի խոսում, խոսակցությունները, թե «Նիկոլին դրսի ուժերն են բերել», պրիմիտիվ մանիպուլյացիաներ են». Թաթուլ Հակոբյան

185
Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ., 05:12
«Քանի Սերժը չի խոսում, խոսակցությունները, թե «Նիկոլին դրսի ուժերն են բերել», պրիմիտիվ մանիպուլյացիաներ են». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու շրջապատը ակտիվորեն, երբեմն ագրեսիվ կերպով առաջ են տանում տեսակետը, թե «Սերժը պարտվել է ոչ թե Նիկոլին, այլ հզոր ուժերի»:
Որևէ բան չի խանգարում, որպեսզի երրորդ նախագահը հոդված գրի, հարցազրույց տա կամ մամուլի ասուլիսում նշի այդ հզոր ուժերին:
Քանի դեռ պարոն Սարգսյանը նման բան չի անում, դեռ մի կողմ եմ թողնում, թե ինչքան են արժանահավատ լինելու այդ տեղեկատվությունները և պնդումները, մենք կարող ենք փաստել, որ՝
ա/ Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար 2018-ի գարնանը փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ Երևանում, մարզերում և շրջաններում, քանի որ մեր քաղաքացիները ուղղակի հոգնել էին սերժա-քոչարյանական երկու տասնամյակից,
բ/ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին պարտվել են ոչ միայն փողոցում, այլ նաև 2018թ և 2021թ ընտրություններում, և այդ մասին վերջերս խոստովանեց ՀՀ երկրորդ նախագահը,
գ/ Նիկոլ Փաշինյանը, որի վարկանիշը այսօր ամենացածր կետի վրա է, կարողանում է իր շուրջը համախմբում իրականացնել՝ օգտագործելով սերժա-քոչարյանական անցյալի վերադարձի սպառնալիքը... Ավելի վիրավորական բան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահի անցյալի մասին դժվար է պատկերացնել, այն է՝ սեփական ժողովրդին վախեցնել նրանց վերադարձով:
Շատ բան կարելի է գրել 2018 թվականի թավշյա հեղափոխության մասին և կգրվի, և չափազանց կարևոր է, որ․
ա/ Սերժ Սարգսյանը նշի դրսի ներգրավված ուժերին՝ անհատներ, կորպորացիաներ, պետություններ, եթե դրանք եղել են,
բ/ լռությունը խախտի Գազպրոմի Կարեն Կարապետյանը և հայ ժողովրդին հաշվետվություն տա մանրամասնորեն այն օրերի ու ժամերի մասին, երբ ինքը, որպես փոխվարչապետ, խոսում էր Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի հետ:
Քանի դեռ Սերժը չի խոսում վերոնշյալ թեմայով, նրա և նրա շրջապատի խոսակցությունները, որ «Նիկոլին դրսի ուժերն են բերել», պրիմիտիվ մանիպուլյացիաներ են և ուղղված են նրան, որ համոզեն հայ ժողովրդին, թե «Սերժի նման մտքի տեր մարդը չէր կարող պարտվել կապիտուլյանտ Նիկոլին»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան