Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

«Վարչապետի պարտականությունն է` կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև ՀՀ պետական շահերի վրա». Նիկոլ Փաշինյան

190
Երեկ, 19:06
«Վարչապետի պարտականությունն է` կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև ՀՀ պետական շահերի վրա». Նիկոլ Փաշինյան

Ինչ եք անում Հայաստանի քաղաքացիներին փրկելու համար, ովքեր խոշտանգվում են այն երկրում, որի հետ ծրագրում եք խաղաղություն կնքել, Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Մեր հայրենակիցներին խոշտանգել են, դա փաստող լուսանկարները հայտնվել են համացանցում, բացի հայտարարությունները, է՞լ ինչ եք անում:

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեթ Գենեսերը շատ հստակ գործողությունների ծրագիր է ներկայացրել, թե ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը, ինչ քայլեր կարող է ձեռնարկել մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այդ թվում՝ համագործակցել Ադրբեջանի հետ, դուք կարող եք Բաքու ուղարկել գաղտնի ներկայացուցիչ, օրինակ, մարդասիրական հաղորդակցության կապուղի բացելու և քաղբանտարկյալների ու ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանակցություններ սկսելու համար։

Դուք կարող եք խնդրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ԵԱԿ-ին՝ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարությանը։ Նրանք կարող են նաև խնդրել իրենց բոլոր այն դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, ուղարկել դատական դիտորդներ։

Կարող եք շարունակել և ընդլայնել իրավական գործընթացները, խնդրել ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ԵՄ-ի աջակցություն։ Ես վստահ եմ դուք ծանոթ եք այս հրապարակմանը, հիմա հարցս հետևյալն է, շատ հստակ, բացի հայտարարությունը, ի՞նչ եք անում ՀՀ քաղաքացիներին, որոնք խոշտանգվում են այն երկրի բանտում, որի հետ դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել, հայրենիք վերադարձնելու ուղղությամբ»,- մասնավորապես ասաց Ագնեսա Խամոյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք հայտարարություններից անդին կարող են և մեծ հավանականությամբ նպաստ կբերեն այդ ձեր ասած խնդրի և մյուս խնդիրների լուծմանը:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում ենք, որ դա է այն գործողությունը և խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»:

Ագնեսա Խամոյանն իր արձագանքման ժամանակ նկատեց. «Մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ, Ռուբեն Վարդանյանը 15-րդ օրն է անցկացնում հացադուլի մեջ»:

Նա ցուցադրեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների լուսանկարը Բաքվի «դատավարությունից» և ասաց. «Սրանք մեր մյուս ռազմագերիներն են, որոնց կյանքին ևս վտանգ է սպառնում, մինչև դուք մթնոլորտ եք ստեղծում Ադրբեջանի հետ:
Իմ հարցերը շատ հստակ էին, էմոցիաներից զատ։ Բացի հայտարարությունները, դուք է՞լ ինչ եք անում, է՞լ ինչ քայլեր եք ձեռնարկում, ի՞նչ կառույցի եք դիմել, ի՞նչ միջազգային գործընկերոջ եք դիմել: Վերջերս բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել, ո՞ր մի գործընկերոջն եք այս հարցով դիմել, որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչ ձեզ հաջողվե՞լ է ուղարկել Բաքվի բանտ՝ իրենց աչքերով տեսնելու համար, թե ինչպիսի վիճակում են գտնվում մեր հայրենակիցները։

Կարմիր խաչի գրասենյակը շուտով փակվելու է Ադրբեջանում։ Այսինքն այն միակ օղակը, որով մենք հնարավորություն էինք ունենալու ստուգել մեր հայրենակիցների վիճակը, շուտով կփակվի։ Ի՞նչ եք անում»:

Փաշինյանը պատասխանեց. «Նախ, ուզում եմ ասել, որ ձեր հարցը կոնկրետ էր, բացի հայտարարությունների ժանրից: Դիմելն էլ է հայտարարությունների ժանրից։ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ մարդու իրավունքների միջազգային կոմիտեի նիստում այդ հարցը լայնորեն արծարծվել է: Այո, դուք ճիշտ եք ասում, ես ՀՀ վարչապետն եմ և վարչապետի աշխատանքային պարտականությունն է՝ կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև ՀՀ պետական շահերի և ՀՀ քաղաքացիների շահերի վրա, այո, այդ թվում համաչափորեն խելամիտ ձևով կենտրոնանալ, այդ թվում՝ մեկ անձերի խնդիրների լուծման վրա։ Եթե կա նպատակ այս տրամաբանությունը շրջելու, դա էս գլխից ասեմ՝ անիրագործելի նպատակ է»:

«Վարչապետի պարտականությունն է` կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի հետաքրքրությունների, այլև ՀՀ պետական շահերի վրա». Նիկոլ Փաշինյան