Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հունիսի, 2026 թ.

«Առողջության պարտադիր ապահովագրությունը սխալ է աշխատում». Սասուն Խաչատրյան

62
Այսօր, 00:12
«Առողջության պարտադիր ապահովագրությունը սխալ է աշխատում». Սասուն Խաչատրյան

Օգտատեր Սասուն Խաչատրյանն ահազանգում է. «Առողջության պարտադիր ապահովագրությունը սխալ է աշխատում
Ուրեմն, մի քանի օր է, ինչ մեջքի շրջանում ցավեր ունեմ, ոչ կարողանում եմ նորմալ նստել, ոչ կանգնել, ոչ քայլել, ոչ էլ քնել, դե աշխատելու մասին էլ չեմ խոսում։
Առաջին օրը մտա «Արմեդ» հավելված, որ այց վերցնեմ պոլիկլինիկա։ Ամենամոտ օրը հուլիսի 1-ն էր։ Բնականաբար հասկացա, որ չեմ դիմանա այդքան։ Մտածեցի՝ լավ ուրեմն շտապօգնություն կանչեմ, թող հոսպիտալացնեն։
Մյուս օրը, այսինքն՝ երեկ, կանչեցի։ Շտապը եկավ, գանգատները ներկայացրի, բժշկին ասացի, որ ողնաշարի ճողվածք ունեմ, գուցե դրանից է։ Ասաց սենց դեպքերում չեն հոսպիտալացնում։ Ցավազրկող սրսկեցին։ Ասում եմ՝ բա հիմա, երբ դեղի ազդեցությունն անցնի, ու ցավը վերսկսվի, ինչ եմ անելու, թե բա՝ զանգում եք շտապ, իսկ մինչ այդ այց վերցրեք պոլիկլինիկա։ Ասում եմ՝ բժիշկ ջան, հուլիսի 1-ն է ամենամոտ օրը պոլիկլինիկայի համար, թե բա՝ բան չկա, թերապևտի հետ կապվեք, թող մի բան անի։
Կապվում եմ թերապևտի հետ, ասում է՝ առանց այցի ոչինչ չի կարող անել, խոստանում է երկուշաբթի, եթե որևէ մեկը չեղարկի իր այցը, կգրանցի ինձ, իսկ մինչ այդ ասում է ինչ սրսկվել։
Էսօր առավոտյան 5-ի կողմերը ցավերից արթնանում եմ, ստիպված շտապ եմ կանչում։ Գալիս նորից ցավազրկում են, դժգոհում եմ, թե ինչու նախորդ օրվա բժիշկը չհոսպիտալացրեց, բժշկուհին էլ, թե բա խնդիր չկա, արի հոսպիտալացնենք։
Հարցնում եմ՝ իսկ դա ապահովագրությունը փակում է, պատասխանից բան չեմ հասկանում էդ ցավերի մեջ։ Տանում են Հանրապետական։ Հերթապահ բժիշկը լսում է գանգատները, թե բա պիտի ստուգումներ արվեն՝ ՄՌՏ և այլն։ Ասում եմ՝ դե անենք։ Պատասխանում է, որ պիտի վճարեմ։ Ասում եմ՝ բժիշկ ջան, ես պարտադիր ապահովագրություն ունեմ, ասում է՝ ուրեմն պիտի պոլիկնիկիկան ուղեգիր կախի։
Պատմում եմ պոլիկլինիկայի հետ կապված իրավիճակը։ Պատասխանում է, որ ոչնչով չի կարող օգնել։ Այս դեպքում միայն կարող է կանչել միկրովիրաբույժին։ Վերջինս լսում է գանգատները, արտաքին զննություն է կատարում, բայց ասում է, որ պիտի ՄՌՏ արվի, բնականաբար, վճարովի։ Առաջարկում է բուժում նշանակել։ Ցույց եմ տալիս պոլիկլինիկայի թերապևտի ասած դեղերը, պատասխանում է, որ ինքն էլ նման դեղեր էր նշանակելու, հասկացնում է, որ ճիշտը, թերևս, թերապևտին սպասելն է, որ այց գրանցի։ Ու ինձ մոտ հարց է ծագում՝ ինչու պիտի ընտրեմ վճարովի տարբերակը, եթե ունեմ պարտադիր ապահովագրություն, որը ծածկում է դա ու որին պետությունը, առանց ինձ հարցնելու, ստիպել է միանալ, ինչու պիտի փաստացի կրկնակի վճարեմ։
Հիմա հարց, տիկին Անահիտ Ավանեսյան, Մարիամ Ծատրյան, ինչի եք մեզ սենց քաշքշուկների մեջ գցել։ Գուցե ժամանա՞կն է փոխեք այս սխալ մեխանիզմը։ Եթե ես ապահովագրության շահառու եմ, ցավերի մեջ տեղափոխում են հիվանդանոց, ինչու պիտի ես չստանամ ապահովագրությունով ինձ հասանելիք բուժծառայությունը, ինչ է թե, մի սխալ կարգավորում եք դրել, որ ուղեգիրը միայն պոլիկլինիկայի բժիշկը կարող է կախել։ Հիմա եթե վաղը ոչ ոք իր այցը չի չեղարկում, ու թերապևտն էլ չի կարողանում այց գրանցել, ինչ է ստացվում, որ մարդը պիտի ամեն օր շտապօգնություն կանչի՞:
Գործող համակարգով ստացվում է, որ մարդը պիտի նախապես իմանա, որ երկու շաբաթ հետո իր մոտ առողջական այսինչ խնդիրը կարող է ծագել, որպեսզի երկու շաբաթ առաջ պոլիկլինիկա այց վերցնի նախապես, որպեսզի կարողանա ստանալ իրեն անհրաժեշտ ծառայությունը։ Հիմա դա անհնար է, քանզի խնդիրը ծագելուց հետո է առաջանում պոլիկլինիկա այց վերցնելու կարիքը, իսկ պոլիկլինիկայում այց վերցնելը մի երկու շաբաթից շուտ հնարավոր չէ»։

Աղբյուրը`   Սասուն Խաչատրյան