Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

«Կարծում եմ` առջևում ընտրություններն են». Լիաննա Խաչատրյան

53
Այսօր, 22:18
«Կարծում եմ` առջևում ընտրություններն են». Լիաննա Խաչատրյան

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «Լավ, իսկ հիմա լուրջ։ Սահմանադրական փոփոխությունների շուրջ հույզերը, իմ կարծիքով, բազմագործոն երևույթ են։ Բացատրել դրանք բացառապես մեկ պատճառով առնվազն նշանակում է պրիմիտիվացնել իրականությունը։ Ինչպես միշտ, որպեսզի իմ և ընթերցողի գլխում, շիլա-փլավ չլինի, փորձեմ հերթով նշել։
Պատճառները.
1) Սահմանադրության փոփոխությունների պահանջ երկրում կար դեռևս 2018ից։ Եվ երբ հարցն սկսեց դանդաղել, քաղաքագետները անթաքույց նշում էին, որ ինչ էլ փոխվի, ընդհանուր դրույթները կմնան նույնը։ Այն, ինչ լավ է ՀՀԿ-ի համար, լավ է նաև ՔՊ համար։ Եվ, առհասարակ, ամեն տեսակի իշխանության։
2) Իլհամ Ալիևը, այո, պահանջում է հանել սահմանադրության միջից հղումը անկախության հռչակագրին։ Մնացած դրույթները հարևան պետության շեֆին մեծ հաշվով քիչ են հետաքրքրում։ Իմ կարծիքով, հռչակագիրն էլ մեծ հաշվով չի հետաքրքրում, նախապայման ա, ասում են, էլի... Խաղաղության պայմանագրի կնքմանը դա չի բերի (իմ կարծիքով), որովհետև...ըըը, իսկ ինչո՞ւ ՀՀ հետ թուղթ ստորագրել, իմա՞ստը,

3) Սահմանադրության փոփոխությունների պահանջ հասունացել է նաև գործող իշխանության ներսում։
Իզուր չի, որ փոփոխությունների մի առյուծի բաժին վերաբերվում է հենց Դատական համակարգին։ Տարիներ շարունակ իշխող ուժը ձևավորել է իշխանական բուրգը։ Ամեն ինչ ստացվում է, բացի դեռևս սաբոտաժ անող դատական համակարգի որոշ թևերից։
Ի դեպ, ես չեմ կարծում, որ սաբոտաժի հիմնական պատճառը նախկինների հետ ջերմ հարաբերություններն են։ Ոչ։ Իմ համեստ դիտարկմամբ՝ դատական համակարգում միշտ եղել են անձիք, որ ատամներով պահել են սեփական քիչ թե շատ անկախությունը։ Սերժ Սարգսյանի ժամանակ համակարգը աշխատում էր՝ նման մարդկանց մեղմ շրջանցելով։ Նոր իշխանությունն, ըստ երևույթին, հին գործիքակազմը կիրառել չի ցանկանում։ Գնահատականներ այստեղ չունեմ։
Հետաքրքիր կետ է կուսակցության մասին դրույթը, որտեղ արտաքին ֆինանսավորումն արգելվում է։ Իսկ սփյուռքի հետ հարաբերությունների հիմնաքարը հայրենադարձությունն է ֆիքսված։ Սրանք քաղաքական շեշտադրումների, ինչպես նաև իշխող ուժի (յուրաքանչյուր իշխող ուժի) համար քաղաքական դաշտի վերահսկողության հետաքրքիր սեղմակներ են։
Այսպիսով, երբ ընդդիմությունն ասում է «ալիևյան սահմանադրություն»՝ չի ստում, երբ իշխանությունն ասում է «ներքին պահանջմունք» նույնպես չի ստում։
Հետևանքներ.
1) Ընդդիմությունը կարծես արդեն հստակ գծել է իր քաղաքական պայքարի ճանապարհը, պայքարը գնալու է ընդդեմ «Ալիևյան սահմանադրության»: Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ չեն փորձելու պաշտպանել դատական համակարգը։ Ենթադրում եմ, որովհետև մտածում են՝ Նիկոլ Փաշինյանն այդ հարցում առավելություն ունի։ Ինքներդ դատեք՝ «Նախկին իշխանություններն ի պաշտպանություն անկախ դատական համակարգի» մի տեսակ...ըըը...հասկանում եք։
2) Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ սահմանադրության ներքին փոփոխությունները մեր ներքին գործն են, այդուհանդերձ, ալիևյան խաղաքարտը նա նույնպես կօգտագործի։ «Եթե չքվեարկենք, պատերազմ կլինի» սկզբունքով։
Այսպիսով, իմ կարծիքով, սահմանադրության փոփոխությունը իրոք ավելի շատ ներքին պահանջ է, քան արտաքին։ Բայց ներքին ՔԱՂԱՔԱԿԱՆ, կուզեք՝ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ պահանջ, ոչ հասարակական։
Սա նախևառաջ պետք է իշխող էլիտային իր դիրքերն ամրապնդելու համար։ Այս պայքարի մեջ հղումը թե′ ներքին հանրային պահանջին, թե′ Ալիևին, ավելի շատ քաղաքական տեխնոլոգիաներ են, չնայած, ինչպես ասացի, սուտ չեն։
Կարծում եմ՝ առջևում ընտրություններն են»։

Աղբյուրը`   Լիաննա Խաչատրյան