«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
44
Այսօր, 17:06
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես կարծում էի, որ ՔՊ-ն իր ողջ քաղաքական և մասնագիտական ռեսուրսը կենտրոնացնելու է նոր սահմանադրության բովանդակային և իրավատեխնիկական մշակման վրա՝ հանրությանը ներկայացնելու սահմանադրականության սկզբունքներին համապատասխանող, իրավական որոշակիության և պետության սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներն արտացոլող Սահմանադրության նախագիծ՝ այդպիսով Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջը մասնագիտական ու իրավական ձևակերպումների ներքո քողարկելու նպատակով։ Միաժամանակ կարծում էի, որ ընդդիմության համար նոր Սահմանադրության բովանդակային քննադատության լուրջ հիմքեր գտնելը որոշակիորեն դժվար կլինի, և հիմնական առարկությունը, բնականաբար, վերաբերելու է Ադրբեջանի պահանջով սահմանադրական փոփոխություններին՝ մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը վերացնելուն։ Դա, ինքնին, բավարար հիմք կլիներ նոր Սահմանադրության ընդունմանը դեմ արտահայտվելու և այն հանրաքվեի չդնելու համար։ Սակայն նախագծում այլ էական թերությունների առկայությունը, որոնց միջոցով հնարավոր կլիներ ավելի փաստարկված ցույց տալ, որ նոր Սահմանադրությունը ոչ թե բարելավում, այլ վատթարացնում է գործող սահմանադրական կարգավորումները, ընդդիմության քննադատությունը կդարձներ առավել հիմնավոր և համոզիչ։ Թերևս, ես չափազանց գերագնահատել էի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կարողությունները։ Կարդացի նախագծի նախաբանը՝ այսպես ասած «կուլմինացիոն» երկրորդ պարբերությունը և հասկացա, որ, մեղմ ասած, սպասելիքներս չափազանցված են եղել։ «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։ Ներքին հարաբերություննե՞ր։ Իրավաբանորեն սա ի՞նչ է նշանակում։ Սահմանադրության առարկա չեն կարող լինել ներսում գոյություն ունեցող ներքին բոլորնհարաբերությունները։ Հետևաբար, «ներքին հարաբերություններ» հասկացությունը ոչ միայն չափազանց անորոշ է, այլև սահմանադրական կարգավորման առարկան բնութագրելու տեսանկյունից իրավաբանորեն ոչ ճշգրիտ։ Եվ, ի վերջո, «պայմանավորվածություն» բառը։ Մի հարց՝ այս նախագծի մշակման աշխատանքներին ձեր թիմում գոնե մեկ սահմանադրագետ կամ իրավագետ ներգրավված եղե՞լ ա։Լավ ենք պրծել, որ «մեժդու սոբոյ ագավոռկա» չեք գրել։ Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ։ Հ.Գ. Սա դեռ նախաբանի վերաբերյալ՝ իմ փոքր ոչ պրոֆեսիոնալ անդրադարձն էր: Վստահ եմ՝ առաջիկայում իրավագետ-սահմանադրագետներն ավելի մասնագիտական և խորքային քննադատության կենթարկեն նախագիծը՝ ի ցույց դնելով դրա թերությունները»: