«Ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին առողջապահությունը կարևորագույն բաղադրիչներից է». Մհեր Մելքոնյան
70
Այսօր, 14:36
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի՛ բուժաշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Բուժաշխատողի օրը պարզապես մասնագիտական տոն չէ․ այն մեր հասարակության կողմից երախտագիտության և հարգանքի արտահայտությունն է այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց գիտելիքով, նվիրումով և մարդկային բարձր արժեքներով ծառայում են ամենաթանկ գաղափարին՝ մարդու կյանքին։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում բժշկությունն ու բուժաշխատողի առաքելությունը միշտ ունեցել են առանձնահատուկ նշանակություն։ Մեր ազգի համար մարդասիրությունը, հոգատարությունը և մերձավորին օգնության ձեռք մեկնելը եղել են բարձրագույն արժեքներ: Այսօր այդ բարձր առաքելության շարունակողները դուք եք՝ մեր բժիշկները, բուժքույրերը և առողջապահության բոլոր նվիրված մասնագետները։ Ձեր աշխատանքը պահանջում է ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն, այլև հոգու մեծ ուժ, համբերություն և պատասխանատվություն։ Դուք հաճախ առաջինն եք կանգնում մարդու ցավի, վախի և դժվարության կողքին՝ ձեր փորձով ու հոգատարությամբ վերադարձնելով ամենակարևորը՝ առողջության և կյանքի հանդեպ հավատը։ Ուժեղ պետություն կառուցելու ճանապարհին առողջապահությունը մեր ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Առողջ ժողովուրդն է ամուր պետության, արժանապատիվ ապագայի և կենսունակ Հայրենիքի հիմքը։ Այդ գործում բուժաշխատողի դերն անփոխարինելի է։ Մեր պարտքն է ձևավորել այնպիսի երկիր, որտեղ բժշկի և յուրաքանչյուր բուժաշխատողի վաստակը գնահատված է, մասնագիտական արժանապատվությունը՝ պաշտպանված, իսկ առողջապահական համակարգը՝ ազգային առաջնահերթություն։ Խոնարհումի և երախտագիտության խոսք եմ հղում բոլոր բուժաշխատողներին՝ ձեր նվիրական ծառայության, մարդկային մեծության և հայրենանվեր աշխատանքի համար։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, տոկունություն, ընտանեկան խաղաղություն և ուժ՝ շարունակելու ձեր սուրբ առաքելությունը։ Շնորհավոր Բուժաշխատողի օրը»: