Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«Ալիևի «մարդու» իշխանության մնալու դեպքում նրա երազանքների ցուցակը կհասնի տրամաբանական ավարտին»․ Տաթևիկ Հայրապետյան

52
Այսօր, 16:48
«Ալիևի «մարդու» իշխանության մնալու դեպքում նրա երազանքների ցուցակը կհասնի տրամաբանական ավարտին»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել եք, որ այս օրը կգա, և մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը և թշնամուն կվտարենք մեր հողերից։ Ինչպես գիտեք, չնայած նախկինում օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ հինգ տարի առաջ, Խոջավենդը դեռևս օկուպացիայի տակ էր, և Խոջավենդի ժողովուրդը նույնպես հավատում էր, որ իրավիճակը մի օր կփոխվի։ Վստահ եմ, որ հասարակության մեջ կար այն համոզմունքը, որ թշնամու ոտքերի տակ ոչ մի թիզ հող չի մնա, և մենք դրան հասել ենք։ Ավելի քան երկու տարի է, ինչ մենք վերահսկում ենք ամբողջ տարածքը՝ ադրբեջանական պետության ինքնիշխան տարածքը։ Մենք ոչնչացրել ենք թշնամու վերջին բույնը, վտարել ենք անջատողականներին, ստիպել նրանց պատասխան տալ դատարանում և լիովին վերականգնել ենք արդարությունը։ Հետևաբար, այդ դժվարին ժամանակաշրջանը մեր ետևում է, մեր ետևում է և երբեք չի վերադառնա։ Այսօր մեր պետությունն ուժեղ է, մեր բանակն ուժեղ է, և մեր ժողովուրդը այս տարիների ընթացքում արդեն ցույց է տվել իր մեծությունը ամբողջ աշխարհին։ Վերջին 80 տարիների ընթացքում չի եղել երկրորդ երկիր, որը տարել է այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակ, ինչպիսին Ադրբեջանը․․․»․ սա հատված է Իլհամ Ալիևի երեկվա ելույթից, որը նա հնչեցրել է օկուպացված Մարտունիից։
Ալիևը տարբեր առիթներով և շատ մեծ ուրախությամբ խոստովանել է, որ Արցախում կազմակերպել է էթնիկ զտում և բռնի տեղահանում։ Փաստացի այնպես է արել, որ «խաղաղության» մեջ հայեր չլինեն։ Նա նաև բազմիցս և շատ ուղիղ տեքստով խոսել է, որ պատերազմի է գնացել հստակ դիտավորությամբ, նախապատրաստությամբ, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները։ Ինչևէ, մեզ մոտ դեռ այս ուղիղ խոսքերը հասկանալու հետ կապված ոմանք լուրջ բարդություններ ունեն, բայց դա դեռ մի կողմ։
Այսքանով հանդերձ՝ ադրբեջանցիները, ունենալով ՌԴ քաղաքացիություն, գալիս հանգիստ «գուլյատ» են անում (կներեք այս բառի համար) Հայաստանում, որոշում ենթադրյալ հորական կամ մորական տուն գտնել, վիդեոներ են նկարում, ուրիշ ադրբեջանցիներին ասում՝ արի, «մեր պատմական հողն է», հետո բախտներս դեռ բերում է, որ հետ են գնում։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը իրենց երևակայած «խաղաղությունը» հասցնեն «անշրջելիության կետին», ինչպես որ խոստանում է «Քանդենք պետությունը» կուսակցությունը, ապա ինչ-որ պահից մեր հողից, տնից, հայրենիքից մեզ զրկածները, մեզ փաստացի ցեղասպանության ենթարկածները կգան ու կասեն, որ սա «իրենց պատմական հողն է», մենք ենք սխալ արել, որ այստեղ ենք ապրել։ Շատերին սա դեռ ֆանտաստիկա կարող է թվալ, բայց ցավոք, ով հասցրել է հասկանալ Ալիևի ու նրա «մարդու»՝ ՆՓ-ի քաղաքականությունը, լավ էլ կհասկանա, թե ես ինչ նկատի ունեմ։ Իսկ դա կանխելու գործիքը մեր ձեռքին է՝ մասնակցել ընտրությանը, կատարել ընտրություն և թույլ չտալ, որ Ալիևի «մարդը» մնա իշխանության մեր երկրում, քանի որ նրա մնալու դեպքում Ալիևի երազանքների ցուցակը կհասնի իր տրամաբանական և մեզ ու մեր պետության համար շատ ճակատագրական ավարտին․․․»։