Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.

«Գիտակցում է՝ TRIPP-ը չի հանգեցնելու ՀՀ-ի տրանսպորտային ինտեգրմանը, մեղավորի կարգավիճակում է դնում ՌԴ-ին»․ Վահե Դավթյան

52
Այսօր, 19:18
«Գիտակցում է՝ TRIPP-ը չի հանգեցնելու ՀՀ-ի տրանսպորտային ինտեգրմանը, մեղավորի կարգավիճակում է դնում ՌԴ-ին»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս Փաշինյանը հայտարարեց, որ հայկական երկաթուղու տնօրինումը ռուսական ընկերության կողմից խնդիրներ է առաջացնում հատկապես Հայաստանով տարանցման համար: Ըստ նրա՝ շատ երկրներում՝ Արևմուտքում, Արևելքում, Հարավում և Հյուսիսում, կա կարծիք, որ Նախիջևանից հետո երկաթուղին չպետք է անցնի Հայաստանով՝ Ռուսաստանի կողմից երկաթուղու վերահսկողության պատճառով:
Դրան հետևեց «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը երրորդ կողմին փոխանցելու հնարավորության մասին գաղափարը:
Տրամաբանական հարց է առաջանում. այդ ո՞ր երկրներն են ցանկանում Հայաստանով տարանցում իրականացնել, բայց, հաշվի առնելով ռուսական կապիտալի առկայությունը, խուսափում դրանից:
Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է դիտարկել հարցը մակրոռեգիոնալ ու ռեգիոնալ կտրվածքներով:
Արևմուտքի կամ Կենտրոնական Ասիայի երկրնե՞րը:
Դրանց միջև վաղուց է առկա տրանսպորտային հաղորդակցություն՝ Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով, այժմ էլ TRIPP-ով փորձ է արվում դիվերսիֆիկացնելու այդ երթուղին:
Մերծավոր Արևե՞լքը:
Կնշե՞ք այդ ռեգիոնի որևէ լուրջ խաղացողի, որն այս պահին ինտենսիվ տնտեսական փոխգործակցություն չի իրականացնում Մոսկվայի հետ:
Իրանն ու Վրաստա՞նը:
Առաջինի դեպքում՝ ուղղակի բացառում ենք, երկրորդի՝ փաստում ռուս-վրացական տնտեսական ու ենթակառուցվածքային դինամիկ փոխգործակցությունը 2012 թ.-ից ի վեր:
Մնում են Թուրքիան ու Ադրբեջանը, որոնց հեռահար նպատակները Հայաստանից ռուսական կապիտալի դուրսմղման մասով որևէ կասկած չեն հարուցում:
Այս առիթով հիշում եմ 2010 թ.-ի փետրվարը, երբ Հայաստանի պատվիրակության շրջանակներում ներկայացնում էի «Հարավկովկասյան երկաթուղին» Ստամբուլում անցկացվող TRACECA աշխատանքային ժողովին: «Ֆուտբոլային դիվանագիտությունն» ընթացքի մեջ էր, սկսվել էին բանակցություններ Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերյալ, Մոսկվան էլ, ակնկալելով հայ-թուրքական սահմանի վերաբացումը, սահմանային Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի նախագիծ նախաձեռնեց, որը և ներկայացնում էի հատուկ զեկույցով:
Սուրճի ընդիջման ժամանակ ինձ մոտեցավ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Մեկ-երկու ճշտող հարց տալով նախագծի վերաբերյալ՝ ասաց. «Այդ ամենը շատ լավ է, բայց եթե իսկապես ուզում եք ինտեգրվել ու դառնալ տարանցման գոտի, պետք է կառավարեք ձեր երկաթուղին առանց ռուսների»:
Անկարայի ռեգիոնալ պատկերացումներում ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլև վերջին տասնամյակում էլ ավելի է արմատավորվել ռուսական գործոնի բացառման սկզբունքը: Դա առավել քան ցայտուն արտահայված է Թուրքիայի՝ մինչև 2053 թ. տրանսպորտային զարգացման գլխավոր պլանում:
Հ.Գ. Իսկ չոր մնացորդում ունենք հետևյալը. Փաշինյանը գիտակցում է, որ TRIPP-ը չի հանգեցնելու Հայաստանի տրանսպորտային ինտեգրմանը, որ իրականում հաղորդակցությունների համալիր ապաշրջափակման հարց օրակարգում չկա, ուստի և անհրաժեշտ է գտնել հերթական մեղավորի: Տվյալ դեպքում այդ կարգավիճակում է հայտվում Մոսկվան:
Ընտրություններից առաջ լավ փաստարկ է՝ հիմնավորելու, թե ինչու ենք դեռ այդքան հեռու խոստացված պայծառ ապագայից»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան