«Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ սահմանազանցություն»․ ՀԱԿ
67
Այսօր, 10:48
Հայ Ազգային Կոնգրեսը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Աղաղակող սահմանազանցություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի պատմության մեջ տեղի է ունեցել աղաղակող աննախադեպ սահմանազանցություն. Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական վարույթ է նախաձեռնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ, խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։ Դրա պատրվակ է հանդիսացել Դատարանի իբր օրինական որոշման պահանջները չկատարելը։ Սա բացահայտ ծաղր է արդարադատության, օրինականության և բանականության նկատմամբ։ Դատարանը, անթաքույց ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու օրինականությունը, վարույթ է ընդունել և հայցի ապահովման միջոց է ընտրել մի հայցադիմումի վերաբերյալ, որի առարկան գտնվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ իրավասության ներքո։ Սահմանադրութունն աներկբա արգելում է պետությանը միջամտելու կրոնական կազմակերպության ինքնակառավարմանը։ Այս անհեթեթությունը կատարելության հասցնելու մոլուցքով, Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել այդ ապօրինի որոշումը չհարգելու առիթով։ Մերկապարանոց չհնչելու համար մեջբերենք դեռ 1991թ. ընդունված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածները. Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝ ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը. բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գարծունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն. գ) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա: Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը. — ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով. — վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները. — կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ. — նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում. — գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը. — ծավալել բարեգործական և բարեխնամ գործունեություն: Միևնույն ժամանակ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝ միջազգային իրավական նորմերի սահմաններում: Հոդված 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միևնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին և սպասավորներին վերապահում է հասարակական և քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար: Նիկոլ Փաշինյանն իր ապօրինի գործողությունների մեջ ներգրավելով դատական համակարգը և իրավապահ մարմիններն, ըստ էության, խարխլում է Հայոց պետականության հիմքերը և սահմանադրական կարգը։ Պետական հաստատությունները քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն լծվել են Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկելու անպատվաբեր գործին։ Հայ Ազգային կոնգրեսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դատապարտում վերջինիս նկատմամբ սանձազերծված ապօրինություններն ու Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև մյուս բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ կիրառվող բռնաճնշումները։ Մենք դիմում ենք միջազգային կառույցներին՝ գնահատական տալու Մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտումների վերաբերյալ»։