«Հայ ժողովուրդը «վերնախավային» հավակնություններ ունեցողների ձեռքը դարձել է «բոքսի տանձիկ»». Հակոբ Բադալյան
107
Այսօր, 09:30
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգիտեմ, որևէ այլ տեղ կա՞ (գուցե և կա, չեմ կարող պնդել հակառակը), որտեղ հանրային առաջատար խումբ, անհատ, այսպես ասած որևէ մակարդակի էլիտա լինելու հավակնություն ունեցողները սեփական անկարողության և սխալների ինքնաքննադատության փոխարեն, պարբերաբար՝ սեփական մեծությունից բեզարած տոնով ճամարտակեն ազգի, ժողովրդի, հանրության թերությունների ու արատների մասին: Մոտավորապես այնպես, որ բժիշկը մուննաթ գա բուժառուի վրա, որ վերջինս ձեռք է բերել առողջական խնդիր, այդ խնդրի հիմնարար լուծման հարցում իր գործը, իր առաքելությունը իրականացնելու փոխարեն: Հայ ժողովուրդը, հայ հանրությունը, ազգը, տարբեր «վերնախավային» հավակնություններ ունեցող խմբերի ու անհատների ձեռքը դարձել է «բոքսի տանձիկ», որի վրա ինքնահաստատվում են իրենց «անարատ իմաստնությամբ»: Կրկնեմ, մեր ժողովուրդը, մեր հանրությունը իր հավաքականությամբ որեւէ կերպ ավելի վատը չէ, քան այսօր հաջողակ, զարգացած, առաջատար պետություններ ունեցող հանրությունները, ժողովուրդները: Այդ պետությունները այդպիսին են դարձել, որովհետեւ առավել արդյունավետ են եղել տվյալ ժողովուրդներին առաջնորդողները, որովհետև նրանք դրել են այդ հանրություններին փոխելու գործնական խնդիր, այլ ոչ թե փիլիսոփայել են «բոքսի տանձիկի» սկզբունքով՝ այդ թվում նաեւ զգալիորեն ներծծված լինելով չգնահատվածության իրենց «լիարժեքության բարդույթով»: Այստեղ սովորաբար կրկնվում է, որ՝ այդ վերնախավերը օդից չեն ընկնում, ծնվում են հանրությունից: Այդ ասելով, եզրակացվում է, որ հանրությունը պետք է լավը լինի, որ ծնվեն լավ վերնախավեր: Ներեցեք, բայց սա ընդամենը պարզունակ մեխանիկականություն է: Այո, ոչ մի վերնախավ չի ընկնում օդից, այլ ձևավորվում է՝ բազմաթիվ գործոնների բերումով: Իսկ այդ գործոնների առյուծի բաժինը անհատականացված է: վերնախավերը ձևավորվում են անհատականացվածության հիմքով, և ըստ էության դրանով են դառնում ոչ թե ամբոխ, այլ վերնախավ: Ամբոխը, ըստ իս, քանակական երեւույթ չէ, այլ որակական: Տասը հոգանոց խումբն էլ կարող է լինել ամբոխ, և տասը հազարը կարող են ըստ էության լինել վերնախավ: Որակների, և դրանց ձևավորման հիմքի հարց է: Իրապես վերնախավային խմբերի ձեւավորման հիմքը անհատականացվածն է: Այդ դեպքում է, որ նրանք կենտրոնանում են սեփական որակների եւ անելիքների վրա, այլ ոչ թե ինքնահաստատվում հասարակության, ժողովրդի արատների վրա: Որովհետև ժողովուրդն այնքան լայն հավաքականություն է, որ ցանկության դեպքում միշտ էլ հնարավոր է գտնել մի տեղ, ուր կարելի է գցել սեփական «լիարժեքության բարդույթի» խարիսխը գցելու տեղ ու վայելել «տեսարանը»»: