ՀՅԴ-ն չի մասնակցի Գյումրիի ավագանու ընտրություններին
148
Երեկ, 16:54
ՀՅԴ հայտարարությունը Գյումրու ավագանու ընտրությունների վերաբերյալ Մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև, որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։ Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է Գյումրիում միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։ Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի, Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը։ ՀՅԴ-ն վստահ է, որ այս ընտրություններում ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի ՔՊ-ին զրկել Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից։ Ըստ այդմ, մենք կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին. • հրապարակային և հստակ հայտարարությամբ բացառել ընտրություններից հետո իշխող ուժի թեկնածուի հետ համագործակցությունը, • պատրաստակամություն հայտնել հետընտրական շրջանում համագործակցելու և աջակցելու այն թիմին, որը կստանա ընդդիմադիր ընտրազանգվածի առավելագույն վստահությունը։ Կոչ ենք անում մեր ընկերներին և համակիրներին իրենց քվեն տալ բացառապես այն ուժերին, որոնք հրապարակային ընդունում են այս սկզբունքները։ ՀՅԴ-ն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրությունների ընթացքը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով»։