Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.

Ի՞նչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին

178
Երեկ, 15:48
Ի՞նչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

«2019 թվականի ապրիլի 18-ին, Կառավարության N 513-Ն որոշմամբ ստեղծվեց ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։ Այդ նպատակով 2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Վերջինս ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն էր, որի միջոցով պետությունը ներդրումներ էր անում մասնավոր ընկերություններում։

2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ներդրումներ կատարեց 10 ընկերությունում և «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ ՀՍԳ» ֆոնդում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ է և 4 մլն դոլար (2020 թվականի միջին փոխարժեքով՝ 1,9 մլրդ դրամ)։ Այդ ներդրումների արդյունքում պետությունը տարբեր ընկերություններում ձեռք բերեց մինչև 49% մասնաբաժիններ։
Այս ներդրումներից օգտված ընկերություններից մեկը «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն էր։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի ապրիլի 26-ին։ Հիմնադրվելուց 8 օր անց՝ մայիսի 4-ին, ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, կատարել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամի ներդրում՝ դառնալով ընկերության 49% բաժնետերը։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլրդ 142 մլն դրամ է։

Ներդրում անելու նպատակն էր ստեղծել կիբերանվտանգային կարողություններ ՀՀ-ում և կրթել ոլորտում մասնագետների, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կլինեն կիբերանվտանգային ոլորտում ծառայություններ մատուցել տեղական և օտարերկրյա շահառու ընկերությունների։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրենը Կարինե Անդրեասյանն է։ Անդրեասյանը, բացի «Սի Էֆ Դաբլյուից», բաժնետեր է նաև «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ում։ Նրան է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի 33%-ը։ Այս ընկերության 34%-ի բաժնետերը Մարիամ Պահլավունին է։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերը Պահլավունին զբաղեցնում էր նաև ընկերության տնօրենի պաշտոնը։ Նա Երևանի քաղաքապետ, նախկինում փոխվարչապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանի կինն է»,- գրում է լրատվամիջոցը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Մարիամ Պահլավունին և Կարինե Անդրեասյանը
Մարիամ Պահլավունին և Կարինե Անդրեասյանը