Դատախազությունը ջնջում է անցանկալի բողոքներ ներկայացնող ազդարարողների հաշիվները
310
Երեկ, 11:48
ՄԱՄՈՒԼ․am լրատվականը դժգոհություններ էր ստացել քաղաքացի Ա․Մ-ից, ով տեղեկացնում էր, որ ՀՀ գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող azdararir.am կայքում գրանցված որևէ հաղորդում ընթացք չի ստանում, իսկ գրանցվողների օգտահաշիվները ջնջվում են։ Այսպես․ քաղաքացի Ա․Մ-ն 2024թ․ սեպտեմբերին գրանցվել է azdararir.am կայքում (օգտահաշիվ՝ 259SA2S9), ներկայացրել բողոք այն մասին, որ Երևանի կենտրոնում գործող մանկական հագուստի խանութներից մեկը չի տրամադրում ՀԴՄ կտրոն, ներկայացրել մանրամասն տեղեկատվություն և փաստեր։ Բողոքը գրանցվել է համակարգում և վերահասցեագրվել է պատկան մարմնին։ Շուրջ երեք ամիս գործի ընթացքից որևէ թարմացում չստանալով, քաղաքացին փորձել է կրկին ստուգել գործի ընթացքը, սակայն չի կարողացել մուտք գործել․ համակարգը նշել է, որ նման օգտահաշիվ գոյություն չունի։ Խմբագրությունը փորձել է ուսումնասիրել քաղաքացու դժգոհությունները և պարզաբանում ստանալու պահանջով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Դատախազությունից ստացվել է պատասխան, որ «(…) պարզաբանում ստանալու համար անհրաժեշտ է հարցում կատարել հարթակը սպասարկող «VXSOFT» ընկերությանը»։ Խմբագրությունը պարզաբանում ստանալու պահանջով դիմել է «VXSOFT»-ին։ Պատասխանում ընկերությունը չի տրամադրել որևէ պարզաբանում միջադեպի վերաբերյալ և նշել է․ «(...) Ցավում ենք քաղաքացուն պատճառված անհարմարության համար»։ Փաստացի, քաղաքացու բողոքը հիմնավոր է և azdararir.am համակարգը, սեփական հայեցողությամբ, ջնջում է քաղաքացիների օգտահաշիվները՝ ըստ էության հաստատելով կասկածն առ այն, որ ջնջվում են այն օգտահաշիվները, որոնց բողոքներին ընթացք տալը «նպատակահարմար» չէ։ Ավելին, փաստացի, քաղաքացիների անանուն և հրապարակային բողոքների ողջ տեղեկատվության վերահսկողությունը հանձնված է մասնավոր կազմակերպության։
Գլխավոր դատախազության պատասխանը՝ azdarar.am կայքում 25SA2S9 օգտահաշվի ջնջման մասինVXSOFT ընկերության պատասխանը՝ azdarar.am կայքում 25SA2S9 օգտահաշվի ջնջման մասին