«Ինչո՞ւ են ընտանիքները կանգ առնում մեկ երեխայի վրա». Տիգրան Ջրբաշյան
48
Այսօր, 19:49
Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ ենք մենք այդքան սիրում բարդ հարցերի պարզ պատասխանները։ Եթերում հյուրը վստահ ասում է՝ «Ընտանիքներին տվեք մեծ միանվագ վճար, և ծնելիությունը կբարձրանա»։ Եվ մենք ծափահարում ենք։ Իսկ հիմա՝ փաստեր։ Ռուսաստանում ծնունդների թիվն աճում էր մինչև 2014 թվականը, իսկ 2024-ին այն 1999 թվականից ի վեր ամենացածրն էր։ Ղազախստանում ծնելիությունը աճեց մինչև 3,3, ապա նվազեց մինչև 2,6։ Հունգարիան բարձրացավ մինչև 1,6 և նահանջեց մինչև 1,3։ Լեհաստանը մանկական վճարների վրա ծախսեց ավելի քան 400 միլիարդ զլոտի, բայց կայուն աճ չկա։ Սկզբում՝ աճ, հետո՝ անկում։ Առանց համակարգի փողը տալիս է ժամանակավոր վերելք, բայց չի փոխում միտումը։ Երբ մշակում էինք Հայաստանի ժողովրդագրական ռազմավարությունը, ինքներս մեզ հարց տվեցինք՝ ինչո՞ւ են ընտանիքները կանգ առնում մեկ երեխայի վրա։ Պատասխանը միայն փողի մեջ չէ։ Երեխան մոր համար չափազանց հաճախ նշանակում է աշխատանքի, ուսման, կարիերայի կորուստ։ Եվ ամբողջ ծանրությունն ընկնում է միայն նրա ուսերին։ Այո՛, ժողովրդագրության բանալին երրորդ երեխան է։ Բայց երրորդը ծնվում է միայն այնտեղ, որտեղ վստահությամբ ծնվել են առաջինն ու երկրորդը, իսկ մեր տնային տնտեսությունների 63%-ում երեխա ընդհանրապես չկա։ Եվ հենց երրորդ երեխայի հետ է ընտանիքն ամենից հաճախ հայտնվում աղքատության գծից ներքև՝ երեք և ավելի փոքր երեխա ունեցող ընտանիքների 43%-ն աղքատ է՝ գրեթե երկու անգամ ավելի, քան երկրում միջինը։ Միանվագ վճարը այս խնդիրը չի լուծի։ Երրորդ երեխային համակարգ է պետք։ Երեխա ունենալու որոշումը կայացվում է, երբ ընտանիքը վստահ է ամբողջ շղթային՝ — ֆինանսական աջակցություն՝ ոչ միանվագ, այլ տարիներ շարունակ, և որքան շատ երեխա, այնքան ավելի մեծ, — արձակուրդ, որը մայրն ու հայրը կարող են կիսել՝ առանց աշխատանքը կորցնելու վախի, — երեխայի խնամքի ծառայություններ՝ մսուր, մանկապարտեզ, դայակ՝ տան մոտ և մատչելի, — գործատու, որի համար աշխատակցուհու երրորդ երեխան նորմ է, ոչ թե խնդիր, — բնակարան, որտեղ տեղ կա ևս մեկ մահճակալի համար, — դպրոց և բժիշկ, որոնք հասանելի են յուրաքանչյուր երեխայի, ոչ միայն նրանց, ում ծնողները կարող են վճարել, — և գլխավորը՝ վստահություն, որ այդ երեխայի ապագան այստեղ է՝ Հայաստանում։ Մի օղակ դուրս ընկնի՝ և ոչ մի վճար այն չի փոխարինի։ Ահա թե ինչու Ռազմավարության մեջ փողը ծննդյան նվեր չէ, այլ համակարգի օղակներից մեկը։ Եվ նպատակը միայն ծնունդների թիվը չէ։ Երեխա ունեցող ընտանիքը պետք է ապրի ոչ թե ավելի աղքատ, այլ ավելի բարեկեցիկ, քան առանց երեխայի ընտանիքը, և հնարավորություն ունենա ներդնելու յուրաքանչյուր երեխայի կրթության ու առողջության մեջ։ Այլապես ծնելիության գինը կվճարի հենց երեխաների ապագան։ Սա ավելի ձանձրալի է, քան եթերում հնչող գեղեցիկ բաղադրատոմսը։ Բայց այլ ճանապարհ չկա։ Կախարդական կոճակ չկա։ Կա աշխատանք՝ համակարգային աշխատանք»: