«Սահմանադրության խնդրահարույց դրույթները մնացել են անփոփոխ»․ Զառա Հովհաննիսյան
53
Այսօր, 18:30
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ մի շատ տգեղ բան տեղի ունեցավ քաղհասարակության սեգմենտների միջև, երբ ընկերներցիս մեկը, հատուկ չեմ նշում, թե ով, գրեց բանակի՝ ներքին խնդիրներում օգտագործելու վերաբերյալ ներկայիս սահմանադրության նախագծի նորմի վերաբերյալ իր կարծիքը, իսկ մյուսը՝ սքրին անելով նրան մարտահրավեր նետեց՝ վկայակոչելով 2015-ի սահմանադրությունը, և պնդելով, որ այդ նորմը բարելավվել է. նախ, դա շատ տգեղ է մարդուն անհատապես թիրախավորելը և նրա քննարկման բացած տարածքը այդ կերպ փակելը: Ամեն դեպքում ասեմ, որ նման պրակտիկան այլևս չօգտագործվի, և նման մեթոդները մտածող անհատներին լռեցնելու միջոց են: Ինչ վերաբերում է բանակը ներքին խնդիրների համար օգտագործելուն, ապա մանրամասն գրեմ, թե ինչու է այս դրույթը մտածող մարդկանց հուզում: Այս հարցում առանցքային հակասությունն այն է, որ զինված ուժերը ժողովրդավարական պետությունում ստեղծված չեն ներքաղաքական հակամարտությունները, հասարակական դժգոհությունը կամ իշխանության դեմ ուղղված բողոքի գործողությունները կարգավորելու համար։ Բանակը յուրովի իրավապաշտպան կառույց է, այդ կառույցի սահմանադրական առաքելությունը պետության պաշտպանությունն է արտաքին սպառնալիքներից, ոչ թե իշխանության քաղաքական կայունության ապահովումը սեփական քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման միջոցով։ Զինված ուժերի ներքին խնդիրներում կիրառման հարցը 2015 թվականի սահմանադրությունից ի վեր խնդիր է, և դա ծագեց այն պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ գործող սահմանադրությամբ նման նորմ չկար, բայց 2008-ի Մարտի 1-ին օգտագործվեց բանակը՝ ՀՀ քաղաքացիների դեմ: Դեռևս Բանակն իրականում նախաձեռնության շրջանակներում շատ ենք քննարկել այս նորմի կիրառման հակասահմանադրականությունը, քանի որ 2012 թվականին, շրջանցելով այն ժամանակվա սահմանադրությունը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը փոփոխվեց՝ սերժական փոփոխությունների ծիրում, և որոշակի սահմանափակ պայմաններով նախատեսում էր բանակի ներգրավումը՝ ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցության ու փոխաջակցության շրջանակում։ Փաստացի, 2005 թվականի Սահմանադրությունը չէր ամրագրում բանակի՝ ներքին հասարակական անկարգությունները կարգավորելու ինքնուրույն և ընդհանուր լիազորություն, իսկ արդեն 2015 թ: սահմանադրարական փոփոխությունների ժամանակ այն ուղղակի ամրագրեցին ու թույլատրեցին։ Եվ այսպես, 2005 թվականի Սահմանադրության 8.2-րդ հոդվածը սահմանում էր զինված ուժերի պաշտպանական առաքելությունը և քաղաքական չեզոքությունը։ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը նախատեսում էր արտակարգ դրություն հայտարարելու նախագահի լիազորությունը, սակայն զինված ուժերի օգտագործման մասին այնպիսի ընդհանուր լիազորություն, ինչպիսին հետագայում ամրագրվեց, չէր սահմանում։ Իսկ 2015 թվականի Սահմանադրության 155-րդ հոդվածի 1-ին մասը կատարեց սկզբունքային փոփոխություն. զինված ուժերի օգտագործման մասին որոշում կայացնելու լիազորությունը վերապահվեց կառավարությանը, իսկ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում՝ վարչապետին՝ պաշտպանության նախարարի առաջարկությամբ։ Ընդ որում, սահմանադրական այդ դրույթը չի սահմանում, թե կոնկրետ ինչ իրավիճակներում կարող է օգտագործվել բանակը։ Այն չի սահմանափակում այդ լիազորությունը միայն պատերազմով կամ արտաքին ռազմական սպառնալիքով, ինչպես նաև այն չի կապում բացառապես արտակարգ կամ ռազմական դրության հետ։ Սա է խնդրի էությունը. Սահմանադրության 14-րդ հոդվածը մի կողմից ամրագրում է բանակի քաղաքական չեզոքությունը, մյուս կողմից՝ 155-րդ հոդվածը գործադիր իշխանությանը տալիս է դրա օգտագործման լայն լիազորություն՝ առանց կիրառման հստակ սահմանադրական նախապայմանների։ Ստացվում է մի վտանգավոր իրավական հակասություն. բանակը պետք է քաղաքականապես չեզոք լինի, բայց նրա կիրառման որոշումը կարող է կայացնել հենց այն քաղաքական իշխանությունը, որի դեմ կարող են ուղղված լինել հասարակական բողոքները։ 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգությունը ցույց տվեց, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ իշխանությունը բանակը դիտարկում է որպես ներքաղաքական խնդիրների լուծման գործիք։ Բանակը պետության և ժողովրդի անվտանգության երաշխավորն է, ոչ թե իշխանության անվտանգության ապահովման միջոցը։ Հիմա այս հարցը պե՞տք է բերել քննարկման օրակարգ, թե պետք է թիրախավորելով փակել մտածող մարդկանց խոսք հնչեցնելու իրավունքը։ Հ․Գ․ ՀՀ սահմանադրությունը, իհարկե, պետք է փոխվի, ու դա դեռ 2015-ի փոփոխությունների ժամանակ էինք ասում, որ նման սահմանադրությամբ գնալու ենք կործանման՝ կառավարման համակարգի անընդհատ վերարտադրման ու լճացման, ինստիտուտների արժեզրկման և այլն, բայց հենց այդ դրույթները, որոնք խնդրահարույց էին, մնացել են անփոփոխ»։