Վոլգոգրադի դատարանը լուծարել է օլիմպիական չեմպիոն Ելենա Իսինբաևայի բարեգործական հիմնադրամը
60
Այսօր, 17:49
Վոլգոգրադի Կենտրոնական շրջանային դատարանը վճիռ է կայացրել՝ լուծարել օլիմպիական կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևայի բարեգործական հիմնադրամը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Դատարան հայց է ներկայացրել Ռուսաստանի արդարադատության նախարարությունը։ Գերատեսչությունից հայտարարել են, որ հիմնադրամն աշխատում է «օրենսդրության կոպիտ խախտումներով»՝ հաշվետվություններ չի ներկայացրել 2024, 2025 և 2026 թվականների համար, չի արձագանքում բազմաթիվ նախազգուշացումներին և խուսափում է ստուգումներից։ Ինչպես հայտնի էր դարձել 2023 թվականի հուլիսին, Իսինբաևան տեղափոխվել է Տեներիֆե։ Նավալնիի թիմի տվյալներով՝ այնտեղ նա ձեռք է բերել փենթհաուս և երկու առանձնատուն, ինչը նրան թույլ է տվել ստանալ Իսպանիայում կացության իրավունք։ Նույն թվականի հուլիսի 17-ին Իսինբաևան գրառում էր կատարել՝ իրեն անվանելով «աշխարհի մարդ» և հայտարարելով, որ ապրում է այնտեղ, որտեղ աշխատում է։ Մարզուհին նաև նշել էր, որ «կոչումները, որոնց մասին այսօր խոսվում է (2015 թվականի մայիսին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նրան շնորհել էր մայորի կոչում), կրում են ձևական բնույթ»։ Դրանից հետո Դաղստանում նրա անունը կրող մարզադաշտը վերանվանվեց «Տրուդ»։ Ելենա Իսինբաևան ռուս ձողացատկորդուհի է, աշխարհի 28 ռեկորդների հեղինակ։ 2012 թվականին նա եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը նախագահական ընտրություններում, իսկ 2020 թվականի հունվարին ընդգրկվել է Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբում, որոնց թվում էր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը (փոփոխությունները նրան թույլ տվեցին մնալ իշխանության ղեկին մինչև 2036 թվականը)։