Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

«Տավուշի մարզի հազարավոր ընտանիքներ չգիտեն՝ ձմռանն ինչպես են ջեռուցելու իրենց տները»․ Ոսկան Սարգսյան

32
Այսօր, 16:36
«Տավուշի մարզի հազարավոր ընտանիքներ չգիտեն՝ ձմռանն ինչպես են ջեռուցելու իրենց տները»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի շաբաթից ձմեռ է, սակայն Տավուշի մարզի հազարավոր ընտանիքներ չգիտեն, թե առաջիկա ձմռանն ինչպես են ջեռուցելու իրենց տները՝ վառելափայտո՞վ, թե՞ բնական գազով։ Նախկին տարիներին անտառամերձ բնակավայրերի ընտանիքներին, ինքնապատրաստմամբ 8 խորանարդ մետր թափուկ պատաստելու թույլտվություն տրվում էր ոչ միան Տավուշի մարզի անտառտնտեսությունների, այլ նաև՝ Դիլիջանի ազգային պարկի կողմից։ 2025 թվականի աշնանը ազգային պարկի կողմից բնակիչներին տրվող թափուկի քանակը եղել է 4 խորանարդ մետր։ Այս աշնանն այդ առումով վիճակն ավելի է վատացել։ Դիլիջան համայնքի գյուղերը մասամբ են գազաֆիկացված, այդ բնակավայրերի բազում առանձնատներ վառելափայտով են ջեռուցվում։ 80 տուն ունեցող Խաչարձան գյուղում գազաֆիկացված է 30-ի ավելի առանձնատուն։ Գոշ գյուղի վարչական ղեկավար Գևորգ Ամիրխանյանը հայտնեց, որ Գոշի 270 առանձնատներից, հյուրատներից, այլ օբյեկտներից գազաֆիկացված է մոտ 100-ը։ Նրա խոսքերով՝ առաձնատները ձմռանը բնական գազով ջեռուցելու համար հարկավոր է, որ գյուղացիներն իրենց տները վերանորոգեն, ջերմամեկուսիչ դռներ ու պատուհաններ տեղադրեն։ Աղավնավանք գյուղի վարչական ղեկավար Ալեքսանդր Հարությունյանի խոսքերով՝ գյուղի 160 տներից 30-ն է գազաֆիկացված, գյուղի քիչ թվով ընտանիքներ են ազգային պարկի անտառներից 2 խմ թափուկ բերել։ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Ռոբերտ Ամիրխանյանն ասաց, որ ազգային պարկից 2 խմ չափաքանակով են թափուկ տրամադրում Դիլիջան քաղաքի և համայնքի 6 գյուղերի ընտանիքներին։ Ազգային պարկից թափուկի տրամադրումը սկսվել է նոյեմբերի 3-ից։ Սոլյարկայի և բենզինի գները բարձր են, բնակիչներին ձեռնտու չէ ընդամենը 2 խմ թափուկ պատրաստելու համար գնալ անտառի խորքերը, թափուկ պատրաստել և բավական ծախս անելով՝ այն տեղափոխել իրենց տները։ Դիլիջան ազգային պարկի անտառներից բնակիչներին թափուկի տրամադրման գործընթացը սկսվեց շատ ուշացումով, խոր աշնանը, երբ հորդ անձրևներից անտառամիջյան ճանապարհները ցեխոտվել, դժվարամատչելի են դարձել, բարդ է թաց անտառներում թափուկ պատրաստել և ցեխոտ, դժվարանցանելի ճանապարհներով այն առանձնատներ հասցնել։ Մինչ բնապահպան հասարակական կազմակրեպություններն ահազանգում են։ «Դիլիջան» ազգային պարկի անտառներում ապօրինի մեծածավալ հատումների մասին, Դիլիջան համայնքի բնակիչներին անտառում թափուկը տրվում է ընդամենը 2 խորանարդ մետր ծավալով, այն էլ՝ շատ ուշացած, երբ անտառամիջյան ճանապարհները դժվարանցանելի են դարձել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան