Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան

68
Այսօր, 15:42
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԻՍԿ ՄԵՐ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԻ ՀԵՏ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ
Իսկ մեր սրբավայրերի՝ Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի և Արցախի մյուս դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու։
Սրբությունների ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության։
Սահմանադրության առաջարկվող փոփոխություններն ի՞նչ պատասխան են տալիս այս հարցերին։ Ի՞նչ երաշխիքներ են նախատեսվում մեր սրբավայրերի պահպանության համար։
Մի՞թե պետք է մոռանանք Աստծուց մեզ տրված պարգևները, մեր հայրերի սրբազան ժառանգությունը, անտարբեր մնանք մեր սրբությունների պղծման և ոչնչացման հանդեպ։
Սա՞ է մեզ սովորեցնում Սուրբ Գիրքը։
Ուրացման հոգևոր գինը կարող է շատ ավելի ծանր լինել, քան այսօրվա նյութական կորուստները։
Մեր սրբությունների հանդեպ հավատարմությունը միայն անցյալի հիշողության հարց չէ, այլև Աստծու և գալիք սերունդների առաջ ունեցած պատասխանատվություն։
Երեմիա մարգարեն հանդիմանում էր նրանց, ովքեր ժողովրդին խաղաղություն էին խոստանում՝ քողարկելով նրա իրական հոգևոր վիճակն ու մոտալուտ վտանգները (Երեմ. 6։14, 8։11):
Մարգարեն խոսում է ժողովրդի վերքը մակերեսորեն բուժելու մասին՝ խաղաղություն հռչակելով այնտեղ, որտեղ իրական խաղաղություն չկար։
Այս հանդիմանությունը նախ և առաջ վերաբերում է հոգևոր կուրությանը, մեղքի հանդեպ անտարբերությանը և ճշմարտության քողարկմանը։ Սակայն այն նաև բարոյական ընդհանուր դաս է պարունակում։
Մարդուն մխիթարելու ցանկությունը չի արդարացնում ճշմարտությունը թաքցնելը։ Խաղաղության մասին խոսելը դեռ խաղաղություն հաստատել չէ։
Պատրանքը որպես իրականություն ներկայացնելը դեռ այն ճշմարտություն չի դարձնում։
Ճշմարիտ խաղաղությունը չի հաստատվում իրականությունը քողարկելով։ Վտանգներն անտեսելը և խաղաղության խոստումներով ինքներս մեզ հանգստացնելը կարող են հանգեցնել ինքնախաբեության՝ զրկելով մեզ այն հոգևոր զգոնությունից, որն անհրաժեշտ է տեսանելի և անտեսանելի թշնամիների նենգ մտադրությունները ժամանակին բացահայտելու համար։
Մեր սրբավայրերի պահպանության հարցը նաև մեր հոգևոր վիճակի և Աստծու հանդեպ մեր հավատարմության հարցն է։
Մի՞թե կարող ենք ակնկալել Աստծու պահպանությունն ու օրհնությունը՝ անտարբեր մնալով Նրա պարգևների և գերության մեջ հայտնված մեր սրբություններին սպառնացող վտանգների հանդեպ։
Առանց մեր սխալների գիտակցման, անկեղծ զղջման, ապաշխարության և Աստծու հետ հաշտության՝ չկա ճշմարիտ, կայուն և տևական խաղաղություն։
«Եթե Տերը չի կառուցում տունը,
Իզուր են հոգնում այն շինողները։
Եթե Տերը չի պահում քաղաքը,
Իզուր են տքնում նրա պահապանները» (Սաղմ. 126։1)»։