«Նոր Սահմանադրության նախագիծը Հայաստանը դարձնում է էլ ավելի սուպերվարչապետական»․ Արմեն Եղիազարյան
47
Այսօր, 17:06
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս սահմանադրության նախագիծը միայն Փաշինյանի իշխանության պահպանման, ադրբեջանցիների պահանջների կատարման և ադրբեջանական ապագայի մասին է։ Այդ որ Ալիևի պարտադրած ադրբեջանական Սահմանադրությունը բերում, փաթաթում եք հայ ժողովրդի վզին՝ իբր խաղաղություն եք բերում, Հայաստանի Սահմանադրությունից հեռացնելով Անկախության հռչակագրի հիշատակումը, բա ինչո՞ւ չեք դուխ անում Ալիևին ասելու, որ ինքն էլ մեր պահանջով պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում 1991 թվականի անկախության սահմանադրական ակտին, որի 2-րդ հոդվածում հստակ գրված է. «Ադրբեջանի Հանրապետությունը 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է»։ Իսկ այդ պատմական Ադրբեջանի տարածքային հավակնություններն ընդգրկել են ներկայիս Հայաստանի տարածքի շուրջ 60 տոկոսը։ Եթե մեր Անկախության հռչակագիրը «տարածքային պահանջ» է ու «պատերազմածին», ապա Ադրբեջանի Սահմանադրությունն ի՞նչ է։ Թե՞ Ալիևի պահանջները պարտադիր են կատարման, իսկ Հայաստանի պահանջներ ներկայացնելն արգելվա՞ծ է։ Բայց սա դեռ ամենը չէ։ Փաշինյանի ներկայացրած նոր Սահմանադրության նախագիծը Հայաստանը դարձնում է էլ ավելի սուպերվարչապետական պետություն։ Մասնավորապես՝ - Վարչապետը դառնում է Զինված ուժերի գերագույն հրամանատար նաև խաղաղ ժամանակ։ - Վարչապետն իրավունք է ստանում անհետաձգելի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն որոշել Զինված ուժերի կիրառման հարցը՝ առանց պաշտպանության նախարարի առաջարկության։ - Բարձրագույն դատական խորհրդի բոլոր 10 անդամների ընտրությունը փոխանցվում է Ազգային ժողովին, իսկ գործող դատավորների համար նախատեսվում է վերագնահատման գործընթաց՝ մեծացնելով դատական համակարգի նկատմամբ քաղաքական ազդեցության վտանգը։ - Սահմանադրության նախաբանից հեռացվում է Անկախության հռչակագրի հիշատակումը, որի հետ սահմանադրական կապով ամրագրված էին նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նպատակները։ - Բնակության նոր պահանջի պատճառով արտագնա աշխատանքի մեկնած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ կարող են զրկվել ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքից, մինչդեռ Հայաստանում բնակվող օտարերկրացիների՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունքն ամրագրվում է սահմանադրական մակարդակով։ Ստացվում է՝ այս նախագծով արտագնա աշխատանքի մեկնած մեր հայ հայրենակիցների ընտրական իրավունքները սահմանափակվում են, իսկ Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցման դեպքում վերջիններս կարող են ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալ՝ օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում։ Ինչո՞ւ է սեփական քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակվում, երբ միաժամանակ սահմանադրական մակարդակով ամրագրվում է օտարերկրացիների ընտրական իրավունքը։ Այսինքն՝ մի կողմից հեռացնում են մեր ազգային ու պետական հիմնարար արժեքների սահմանադրական հղումները, սահմանափակում քաղաքացիների ընտրական իրավունքները, մյուս կողմից՝ ավելի մեծ իշխանություն կենտրոնացնում մեկ մարդու ձեռքում։ Այս Ալիևյան պարտադրված Սահմանադրության նախագիծը պետք է ամեն գնով մերժել»։