Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

71
Այսօր, 19:25
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռամոնա Կրասովսկային։ Այս մասին ասվում է ռուսական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Ռիգայում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնին կից սոցիալական ապահովության բաժնի՝ տեղում աշխատանքի ընդունված աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ Լատվիայի վերջնագրային պահանջի կապակցությամբ նոյեմբերի 23-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռ․ Կրասովսկան»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Դիվանագետին պարզաբանվել է այս համատեքստում երկու երկրների դիվանագիտական առաքելությունների գործունեության համար ծագող խնդիրների էությունը։ Դրանցից առանցքայինը ռազմական կենսաթոշակների վճարումները շարունակելու անհնարինությունն է, որոնք իրականացնում են սոցիալական ապահովության բաժնի աշխատակիցները՝ համաձայն 1994 թվականի ապրիլի 30-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև կնքված՝ Լատվիայի Հանրապետության տարածքում բնակվող Ռուսաստանի Դաշնության ռազմական կենսաթոշակառուների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության հարցերով համաձայնագրի»,- պարզաբանել են գերատեսչությունում։
Լատվիացի դիվանագետին նոտա է հանձնվել Մոսկվայում Լատվիայի դեսպանատան կողմից աշխատակիցների հավաքագրման չափանիշների վերաբերյալ։