Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

«COP17. Ատոմային էներգետիկան և կենսաբազմազանության պահպանության խնդիրը». Վահե Դավթյան

71
Այսօր, 22:36
«COP17. Ատոմային էներգետիկան և կենսաբազմազանության պահպանության խնդիրը». Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «COP17. Ատոմային էներգետիկան և կենսաբազմազանության պահպանության խնդիրը
Երևանում ընթացող COP17-ի առանցքային հարցերից մեկը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացումն է։ 2022 թ. ընդունված այս ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականն ապահովել ցամաքային և ներքին ջրային տարածքների, ինչպես նաև ծովային և առափնյա տարածքների առնվազն 30%-ի արդյունավետ պահպանությունը։ Երևանյան համաժողովում առաջին անգամ գնահատվում է, թե որքանով են երկրները մոտեցել այդ նպատակին։
Այստեղ առանձնանում է մի խնդիր, որն անմիջականորեն առնչվում է նաև էներգետիկային։
Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներից մեկը բնական կենսամիջավայրերի կրճատումն ու մասնատումն է։ Գյուղատնտեսության ընդլայնումը, անտառահատումները, քաղաքաշինությունը և ենթակառուցվածքների զարգացումը շարունակաբար մեծացնում են ճնշումը բնական էկոհամակարգերի վրա։ Էներգետիկան նույնպես հսկայական տարածքներ է պահանջում։
Հետևաբար, եթե COP17-ի շրջանակներում քննարկվում է բնական տարածքների պահպանումը, ապա անխուսափելիորեն պետք է քննարկվի նաև էներգետիկայի հողատարածքային արդյունավետությունը։
2022 թվականին ՛՛Scientific Reports՛՛ հանդեսում հրապարակված հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են աշխարհի 870 էլեկտրակայանների տարածքային և արտադրական ցուցանիշները՝ օգտագործելով նաև արբանյակային տվյալներ։
Արդյունքները բավական խոսուն են։ Զբաղեցրած տարածքի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի հաշվով ատոմակայանները տարեկան արտադրում են միջինում 6,7 ՏՎտժ էլեկտրաէներգիա, իսկ խոշոր արևային կայանները՝ 0,087 ՏՎտժ։ Տարբերությունը մոտ 77 անգամ է։
Նույն հետազոտության համաձայն՝ Միջազգային էներգետիկ գործակալության զրոյական զուտ արտանետումների սցենարի իրականացումը կարող է մինչև 2050 թ. հանգեցնել էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող ցամաքային տարածքների շուրջ վեցապատիկ աճի՝ մինչև 4,3 մլն քառ. կմ։ Այդ աճի հիմնական մասնաբաժինը, ըստ հաշվարկների, կապված է կենսազանգվածի օգտագործման և ցամաքային հողմակայանների ընդլայնման հետ։
Հակասությունն ակնհայտ է: Կլիմայական քաղաքականությունը պահանջում է արագացնել էներգետիկ անցումը, մինչդեռ այդ անցման որոշ սցենարներ կարող են մեծացնել ճնշումը բնական միջավայրերի վրա։ Ի դեպ, հենց Կունմին-Մոնրեալի շրջանակի 8-րդ նպատակն է պահանջում նվազագույնի հասցնել կլիմայի փոփոխության դեմ իրականացվող միջոցառումների բացասական ազդեցությունը կենսաբազմազանության վրա։
Այս տեսանկյունից ատոմային էներգետիկան ունի որոշակի առավելություններ։
Նախ՝ համեմատաբար փոքր տարածքում ապահովում է էլեկտրաէներգիայի մեծածավալ և կայուն արտադրություն։ Բացի այդ, ի տարբերություն խոշոր ջրամբարային ՀԷԿ-երի, ատոմակայանները չեն պահանջում գետերի արգելափակում, ընդարձակ տարածքների ջրածածկում և ջրային կենդանիների միգրացիոն ուղիների խախտում։
Դեռևս 2014 թ. ՛՛Conservation Biology՛՛ հանդեսում հրապարակված համեմատական հետազոտությունը ցույց էր տվել, որ ուսումնասիրված յոթ էներգետիկ աղբյուրներից կենսաբազմազանության պահպանության և տնտեսական արդյունավետության համադրմամբ առավել բարենպաստ արդյունքներ են գրանցում ատոմային և հողմային էներգետիկան։
Այժմ գանք Հայաստան:
Մեծամորի ԱԷԿ-ը, զբաղեցնելով ընդամենը 74 հեկտար տարածք, 2025 թ. արտադրել է շուրջ 2,9 մլրդ կՎտ,ժ էլեկտրաէներգիա՝ ապահովելով հանրապետության ընդհանուր արտադրության մոտ 29%-ը։
Եթե նույն ծավալի էլեկտրաէներգիան արտադրվեր բացառապես խոշոր արևային կայաններում, ապա վերոնշյալ միջազգային հետազոտության միջին ցուցանիշներով կպահանջվեր շուրջ 3,3 հազ. հեկտար տարածք։ Այսինքն՝ մոտ 45 անգամ ավելի մեծ մակերես, քան զբաղեցնում է Մեծամորի ԱԷԿ-ը։
Իհարկե, սա պայմանական համեմատություն է։ Հայաստանի արևային ճառագայթման բարձր մակարդակը, կայանների տեխնոլոգիական առանձնահատկությունները և արդեն կառուցապատված տարածքների օգտագործման հնարավորությունը կարող են փոխել այդ հարաբերակցությունը։
Սակայն Հայաստանի սահմանափակ տարածքի, լեռնային ռելիեֆի և խոցելի էկոհամակարգերի պայմաններում անտեսել էներգետիկայի հողատարածքային արդյունավետությունը պարզապես հնարավոր չէ։
Կունմին-Մոնրեալի շրջանակային ծրագրի 14-րդ նպատակն ուղղակիորեն նախատեսում է կենսաբազմազանության պահպանության չափանիշների ներառումը տնտեսական և ոլորտային քաղաքականություններում։ Սա վերաբերում է նաև էներգետիկային։
Հայաստանի դեպքում այդ պահանջի գործնական կիրառություններից մեկը կարող է լինել էներգետիկ նախագծերի գնահատման մեթոդաբանության վերանայումը։ Նոր հզորությունների ընտրության ժամանակ, տնտեսական արդյունավետությունից, էներգետիկ անվտանգությունից և ածխածնային արտանետումներից բացի, անհրաժեշտ է համեմատել նաև դրանց տարածքային ազդեցությունը՝ հողօգտագործումը, էկոհամակարգերի մասնատումը և կենսամիջավայրերի հնարավոր կորուստը։
Սա կարևոր է հատկապես հիմա, երբ Հայաստանը կանգնած է նոր ատոմային հզորությունների ընտրության առաջ։
Կարծում եմ՝ COP17-ը լավ առիթ է ատոմային էներգետիկայի բնապահպանական դերի ավելի առարկայական քննարկման համար։ Ընդ որում՝ հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր այն երկրներին, որոնք փորձում են համատեղել էներգետիկ անցման և կենսաբազմազանության պահպանության նպատակները»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան