Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.

ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից

96
Այսօր, 20:18
ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից

«Առավոտ»-ը գրում է. «ԵՊՀ նախկին աշխատակիցներից մեկի փոխանցմամբ՝ համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի երկրորդ կինը՝ Էմմա Սարգսյանը, 2022 թ. գրանցվել է՝ որպես համալսարանի մարքեթինգի բաժնի մասնագետ, սակայն տարիներ շարունակ չի ներկայացել աշխատանքի։

ԵՊՀ մարքեթինգի բաժնի մի շարք աշխատակիցների հետ զրույցներից պարզ դարձավ, որ նրանք չեն ճանաչում բաժնի մասնագետ Էմմա Դավթի Սարգսյանին, որը, ըստ համալսարանի պաշտոնական կայքի, բաժնում աշխատել է 2022-2026 թթ.։

Նրան չէին հանդիպել նաև այն աշխատակիցները, որոնք բաժնում աշխատել են ավելի վաղ կամ աշխատանքի են ընդունվել 2022 թ.։ Մինչդեռ նույն բաժնում 2022 թվականից աշխատող՝ ԵՊՀ կայքի խմբագիրներից մեկը, թեև նշեց, որ անձնական շփում չի ունեցել Էմմա Սարգսյանի հետ և նրա հետ կապ չի պահում, պնդեց, որ վերջինս զբաղվել է համալսարանի կայքի նյութերի թարգմանությամբ։ Առկա են աշխատակիցների հետ զրույցների ձայնագրություններն ու նամակագրությունները։ Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում հեռավար աշխատանքի վերաբերյալ հոդվածն ուժի մեջ է մտել 2023 թ. նոյեմբերի 25-ից:

Էմմա Սարգսյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ ստացված տեղեկությունների, նրա կատարած աշխատանքի ծավալի և այլ հարցերի շուրջ պարզաբանումներ փորձեցինք ստանալ հենց իրենից։ Սակայն Էմմա Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում համալսարանի մարքեթինգի բաժնի անունը հնչեցնելուն պես՝ հեռախոսազանգն անջատվեց, որից հետո նա այլևս չպատասխանեց զանգերին»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: