Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 04 հոկտեմբերի, 2026 թ.

Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև

80
Այսօր, 19:30
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև

Ադրբեջանի և Վրաստանի միջև պատմամշակութային ժառանգության շուրջ նոր քննարկում է ծավալվել Կուրմուխի տաճարի շուրջ։ Վեճը միաժամանակ ուշադրություն է հրավիրել նաև Վրաստանում՝ Գելաթիի վանքում պահպանվող Գանձակի միջնադարյան դռների պատմության վրա։
Սեպտեմբերի 24-ին Վրաստանի պատրիարքարանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում գտնվող Սուրբ Գևորգի՝ Կուրմուխի տաճարի վերաբերյալ։
Պատրիարքարանը մտահոգություն է հայտնել տաճարի և դրա հարակից տարածքի շուրջ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կուրմուխի եկեղեցին ներկայում գտնվում է Ադրբեջանի տարածքում, սակայն վրացական կողմը այն դիտարկում է՝ որպես Վրաստանի և վրաց եկեղեցու պատմական ու հոգևոր ժառանգության կարևոր հուշարձան։
Վրացական պատրիարքարանը նաև նշել է, որ անհրաժեշտ է պարզել՝ ինչ աշխատանքներ են իրականացվում տաճարի տարածքում, ինչ ուսումնասիրությունների վրա են դրանք հիմնված, ով է իրականացնում աշխատանքները և ինչպես է ապահովվում հուշարձանի պահպանությունը։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, հայտարարությանը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն վրացական պատրիարքարանի մոտեցումը համարել է անընդունելի՝ նշելով, որ այն չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամության, գործընկերության և բարիդրացիության ոգուն։ Բաքուն հատկապես անընդունելի է համարել Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունների՝ այլ անվանումներով ներկայացումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքն Ադրբեջանի քաղաքականության մաս է, և նույնպիսի վերաբերմունք է ակնկալում Վրաստանից։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները ադրբեջանական ժողովրդի և պետության ազգային ժառանգության անբաժանելի մասն են։
Այս ֆոնին սրվել է նաև Գանձակի (Գյանջա) միջնադարյան դռների պատմությունը, որոնք այսօր գտնվում են Վրաստանում՝ Գելաթիի վանական համալիրում։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ դռները պատրաստվել են 1063 թվականին՝ Գանձակի վարպետ Իբրահիմ Օսման օղլուի կողմից։ Նույն աղբյուրը նշում է, որ 1139 թվականի Գանձակի ավերիչ երկրաշարժից հետո վրաց թագավոր Դեմետրե I-ը դռները տեղափոխել է Վրաստան, և դրանք պահպանվել են Գելաթիի վանքում։
Գանձակի դռների վերադարձի հարցը նախկինում ևս բարձրացվել է։
2022 թվականի փետրվարին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ դռների վերադարձի հարցը քննարկվել է վրացական կողմի հետ և բանակցություններ են ընթացել։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարի Նարչեմաշվիլին, սակայն, հայտարարել էր, որ Գանձակի դռների հարցը Ադրբեջանի և Վրաստանի երկկողմ օրակարգում ներառված չէ։
Նույն ժամանակահատվածում վրացական կողմը նաև ուժեղացրել էր Գելաթիում պահվող դռների պահպանությունը՝ տեղադրելով տեսախցիկներ և ազդանշանային համակարգ։