Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը

52
Այսօր, 00:13
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը

Հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Յալթայի ծոցը» կտավը, որը հայտնի չէ լայն շրջանակներին, կվաճառվի Նյու Յորքում կայանալիք աճուրդում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Sotheby’s աճուրդի տան մամուլի ծառայությանը։
Աճուրդը կկայանա դեկտեմբերին՝ նյույորքյան A La Vieille Russie պատկերասրահի հավաքածուի մի մասի իրացման շրջանակում։ Մասնագետները կտավի արժեքը գնահատում են 600-800 հազար դոլար։

Հովհաննես Այվազովսկու «Յալթայի ծոցը» կտավը
Հովհաննես Այվազովսկու «Յալթայի ծոցը» կտավը

Նկարիչն այս բնանկարն ստեղծել է 1896 թվականին։ Կտավի վրա հրվանդանի հետևում թաքնված է Յալթան, իսկ հորիզոնում երևում են Այ-Պետրի լեռնազանգվածն ու Առագաստ ժայռը։ Կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է ռուսական կայսերական դրոշով երկկայմ նավ։ Առաջին պլանում նավաստիները պարեն են տեղափոխում մակույկի մեջ։ Երեկոյան օդային երկնքի էֆեկտ ստեղծելու համար Այվազովսկին բարակ վրձնահարվածներ է արել մեկ սեանսի ընթացքում։ Մեկ մետր լայնությամբ կտավը չունի ենթաշրջանակ, փոխարենը դարձերեսին պահպանվել են հեղինակի ստորագրությունն ու տարեթիվը։ Կտավը Ռուսաստանից դուրս է բերվել 1917 թվականի հեղափոխությունից անմիջապես առաջ կամ հետո։ 1920-ականներին այն հայտնվել է Նորվեգիայի մասնավոր հավաքածուում, որից հետո պահվել է պատկերասրահի պահեստում։

Դեկտեմբերյան աճուրդը ներառում է ավելի քան 300 լոտ՝ կապված նախահեղափոխական Ռուսաստանի և Նիկոլայ II-ի ընտանիքի հետ։ Առարկաների ընդհանուր արժեքը՝ Ֆաբերժեի իրերից ու սրբապատկերներից մինչև ճենապակի և կայսերական կենցաղի առարկաներ, գերազանցում է 15 միլիոն դոլարը։