Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել

37
Այսօր, 21:12
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել

Երկուշաբթի՝ 2026 թվականի նոյեմբերի 9-ին, Երևանում Իրանի փոխնախագահ դոկտոր Սեյյեդ Համիդ Փուրմոհամմադիի մասնակցությամբ Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահը անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։

Ադրբեջանական կողմը, որը փորձում է բոլոր հարթակներում պարսկական մզկիթը ներկայացնել՝ որպես ադրբեջանական, իր դժգոհությունն է հայտնել:

Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի հայտարարության մեջ ասվում է. «Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճը, որը ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության օրինակներից մեկն է, հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելը հուշարձանի պատմական և մշակութային ինքնությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ է, միջազգային կոնվենցիաներում ամրագրված համընդհանուր արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում և խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերը խաթարելուն ուղղված սադրանք: Կապույտ մզկիթի հանդիսավոր դահլիճում կիսանդրին տեղադրելու նախաձեռնությունը լուրջ հարցեր է առաջացնում հուշարձանի սկզբնական նպատակի և պատմական նշանակության նկատմամբ հայկական կողմի, մասնավորապես՝ երկրի քաղաքական ղեկավարության օբյեկտիվ և անաչառ վերաբերմունքի վերաբերյալ։

Նման փորձերը նպատակ ունեն անտեսելու Կապույտ մզկիթի պատմական և մշակութային ինքնությունը և այն ներկայացնելու՝ որպես մեկ այլ մշակույթի պատկանող հուշարձան։ Պատմական հուշարձանների պահպանումը ենթադրում է ոչ միայն դրանց ֆիզիկական պահպանման ապահովում, այլև դրանց ինքնության, սկզբնական նպատակի և մշակութային ինքնության հարգում»։