«Դառնալու ենք ոչ թե ԵՄ անդամ, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»»․ Սևակ Հակոբյան
52
Այսօր, 16:36
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հայաստանի իշխանությունն այս պահին արդեն կանգնած է վերջնական ընտրության առաջ՝ մնալ ԵԱՏՄ-ո՞ւմ, թե՞ բախտը փորձել ԵՄ-ում։ Դեկտեմբերին ԵԱՏՄ գագաթնաժողովին, ըստ երևույթին, այդ հարցի պատասխանն են ակնկալում լսել Փաշինյանից։ Նրա վերջին ելույթն այն էր, որ 2027-28-ին կդիմեն ԵՄ-ին, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու միտք մինչ այդ չունեն։ ԵԱՏՄ-ն զգուշացնում է, որ թույլ չի տա Միության հնարավորություններն օգտագործել ԵՄ գնալու համար։ Հայաստանը ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել է 1 տարի 7 ամիս առաջ, բայց հապաղում է։ Ի՞նչ է լինելու, եթե դիմի։ Համապատասխանեցման գործընթաց, որը կարող է ձգվել տասնամյակներով՝ այդպես էլ ավարտին չհասնելով, ինչպես տասնյակ պետությունների դեպքում է։ Եթե անգամ իրավական, տնտեսական և այլ չափանիշներով ինչ-որ հրաշքով հեռու ապագայում համապատասխանեցվեն, դրանից հետո ԵՄ անդամ երկրները պետք է որոշեն՝ պատրա՞ստ են նոր անդամ ընդունել, թե՞ ոչ։ Խնդիրն այն չէ՝ ԵՄ գնալը լավ է, թե վատ, խնդիրն այն է, որ Հայաստանին անդամակցության հրավեր չի ուղարկվել և ոչ ոք չի խոստացել երբևէ։ Որ Հայաստանը կգնա ԵՄ, խիստ կասկածելի է, բայց որ հարյուր միլիոնավոր դոլարներ ենք կորցնում միայն ՌԴ արտահանումների սահմանափակման պատճառով, փաստ է։ Համաձայն վերջին զեկույցի՝ եթե Հայաստանը դուրս բերվի ԵԱՏՄ-ից կամ անդամությունը սառեցվի, ինչը շատ հնարավոր է առաջիկայում, սպասվում է ՀՆԱ-ի կրճատում՝ 15.6 տոկոսով կամ 4.6 մլրդ դոլարով, գնաճ՝ 14.9 տոկոսով, դրամական փոխանցումների նվազում՝ ավելի քան 2 մլրդ դոլարով, գազի գնի աճ՝ շուրջ 70 տոկոսով և այլն։ Սա ինչո՞վ է փոխարինվելու։ Պատասխան չկա։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը․ ո՛չ ԵԱՏՄ-ից է դուրս գալիս, չնայած փչացնում է հարաբերությունները, ո՛չ ԵՄ է դիմում։ Փոխարենը հաճոյանում է Թուրքիային ու Ադրբեջանին և ստանում է նվաստացում ու շանտաժ։ Ասում են՝ Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է, Գյումրու ռուսական ռազմաբազան մեզ օգուտ չի տալիս, ՀԱՊԿ-ից, հաշվեք, դուրս ենք եկել․․․ Ո՞ւմ շահերից է սա կամ ռուսական գազի հետ կապված խնդիրը՝ հայ ժողովրդի՞, թե՞ մեր թշնամիների։ Ի դեպ, ընդամենը մեկ տարի առաջ Մոլդովայում ԱԺ ընտրություններ էին ԵՄ գնալու ուղերձով․ այսօր հայտնում են ոչ թե ԵՄ-ին միանալու, այլ հարևան Ռումինիային ձուլվելու մասին։ Հայաստանում ևս ընտրություններ էին նույն՝ ԵՄ գնալու օրակարգով․ Մոլդովայի փորձը կիրառող Հայաստա՞նը որ հարևանին է միանալու։ Փաստացի՝ Փաշինյանի վարած քաղաքականությամբ Հայաստանը ԵՄ անդամ դառնալու շանս չունի, բայց շանս ունի եղածը կորցնելու և ունի մեծ ռիսկ վերածվելու «Արևմտյան Ադրբեջանի»։ Կարելի էր, իհարկե, իշխանությանը կոչ անել այս քաղաքականությանը վերջ տալ, բայց պետք է հասկանալ՝ որտեղից են սնվում և որն է վերջնանպատակը»։