Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ընդդիմադիր դաշտում կարող են առաջանալ «տրոյական ձիու» դեր կատարելու ռիսկեր»․ Արմեն Եղիազարյան

52
Այսօր, 10:12
«Ընդդիմադիր դաշտում կարող են առաջանալ «տրոյական ձիու» դեր կատարելու ռիսկեր»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին նկատելի է նախկին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և «Ռեստարտ» շարժման ներկայացուցիչների քաղաքական ակտիվացումը՝ ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու փորձերով։
Սակայն մենք չենք մոռացել նրանց դերակատարությունը 2018 թվականի հեղափոխության ընթացքում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին ցուցաբերած աջակցությունը։
Հիշում ենք նաև, որ տարիներ շարունակ թե՛ Արմեն Գրիգորյանի, թե՛ «Ռեստարտ» շարժման գործունեության և նրանց հնարավոր կապերի վերաբերյալ հրապարակային դաշտում հնչել են բազմաթիվ հարցադրումներ, այդ թվում՝ նրանց այսպես կոչված «սորոսական նախագծեր» լինելու մասին։
Այսօր, երբ ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացը նոր թափ է ստանում, իսկ իշխանության նկատմամբ հասարակական դժգոհությունն ավելի տեսանելի է դառնում, նրանց քաղաքական ակտիվացումը, իմ կարծիքով, առնվազն լուրջ հարցեր է առաջացնում։
Պատահակա՞ն է արդյոք այս ակտիվացման ժամանակը։ Ի՞նչ է փոխվել նրանց քաղաքական համոզմունքներում։ Արդյո՞ք վերանայել են իրենց նախկին դիրքորոշումները, և ինչպե՞ս են այսօր գնահատում 2018 թվականին իրենց աջակցած քաղաքական ուժի գործունեությունն ու դրա հետևանքները։
Իմ մտահոգությունն այն է, որ ընդդիմադիր դաշտում կարող են առաջանալ նաև «տրոյական ձիու» դեր կատարելու ռիսկեր։ Սա մեղադրանք չէ, այլ քաղաքական զգոնության անհրաժեշտության մասին հարցադրում, որը պետք է գնահատել կոնկրետ փաստերի և գործողությունների հիման վրա։
Ընդդիմադիր ուժերի համախմբումը կարևոր գործընթաց է, և դրա նկատմամբ հանրային վստահությունը պահպանելու համար անհրաժեշտ են հստակություն, թափանցիկություն և քաղաքական պատասխանատվություն։
Հետևաբար, ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու յուրաքանչյուր փորձ պետք է ենթարկվի սկզբունքային գնահատման՝ հաշվի առնելով ոչ միայն այսօրվա հայտարարությունները, այլև անցյալի քաղաքական գործունեությունն ու դիրքորոշումները։
Հ.Գ. Արմեն Գրիգորյանը ժամանակին հրապարակել է 2018 թվականի հեղափոխության վերաբերյալ իր հեղինակած գիրքը։ Անձամբ ես այն չեմ կարդացել, սակայն մի հարց ունեմ նրանց, ովքեր կարդացել են։
Արդյո՞ք նրա վերջին հոդվածում արտահայտած տեսակետներն ու քաղաքական գնահատականներն արտացոլված են նաև այդ գրքում, թե՞ այնտեղ ներկայացված են բոլորովին այլ մոտեցումներ, իսկ այսօր արդեն հնչում են այլ դիրքորոշումներ։
Ինձ համար հետաքրքիր է հասկանալ՝ գործ ունենք սկզբունքային և հետևողական քաղաքական դիրքորոշմա՞ն, թե՞ ժամանակի քաղաքական իրողություններին հարմարեցվող տեսակետների հետ։
Եվ վերջապես, եթե Արմեն Գրիգորյանը դեռ այն ժամանակ ուներ այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնց մասին խոսում է այսօր, ապա ինչո՞ւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս նրա գործունեությունն այլ ուղղությամբ էր ընթանում։ Ինչպե՞ս է նա բացատրում իր այսօրվա հայտարարությունների և պաշտոնավարման տարիներին իրականացրած քաղաքականության միջև հնարավոր հակասությունները»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան