Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Թուրքիայի նախագահի խորհրդականն ինձ մի դեպք պատմեց 1990 թվականից». Թաթուլ Հակոբյան

49
Այսօր, 01:18
«Թուրքիայի նախագահի խորհրդականն ինձ մի դեպք պատմեց 1990 թվականից». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Ես կողմնակից եմ պատմության համար ԵԹԵ-ի գործածմանը:
Եթե այնպես դասավորվեին դեպքերը, որ Ղարաբաղյան շարժում չլիներ, հայաստանաբնակ ադրբեջանցիները շարունակեին ապրել անկախ Հայաստանում, ունենալ իրենց ներկայացուցիչներին ԱԺ-ում և կառավարությունում, տեղական մարմիններում, իսկ ադրբեջանահայությունը և Լեռնային Ղարաբաղի բնիկ, տոհմիկ բնակչությունը մնային իրենց տներում, ունենային իրենց պատգամավորներին անկախ Ադրբեջանի խորհրդարանում և կառավարությունում ու տեղական մարմիններիում, մի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ունենային այնպիսի հարաբերություններ, ինչպես Հայաստանն ու Վրաստանը, արդյո՞ք Ադրբեջանը տարածքային հավակնություններ կներկայացներ Հայաստանին:
Անշուշտ, կարելի է մի շարք տարբերակներ ու վարկածներ առաջ քաշել, քանի որ հարցը սկսվում է ԵԹԵ-ով:
Մոտ 20 տարի առաջ Անկարայում հանդիպեցի նախկին նախագահ Թուրգութ Օզալի խորհրդական Չենգիզ Ջանդարի հետ, և նա ինձ մի դեպք պատմեց 1990 թվականից:
Օզալը Ջանդարին ուղարկում է Բաքու, որպեսզի Մութալիբովի հետ խոսի Ղարաբաղյան խնդրից:
Մութալիբովն ասում է, որ ոչ միայն Ղարաբաղը, այլ Զանգեզուրն են ադրբեջանական հողեր...
Արդեն 60-ական թվականներից Խորհրդային Ադրբեջանում ձևավորվել է Հայաստանից պահանջատիրական շարժում, որը, անկասկած, խորհրդային գրաքննության պայմաններում չէր կարող հրապարակային լինել:
Գալով մեր օրերին, ուզում եմ հիշեցնել, որ այսօր Ադրբեջանը Հայաստանի տարածքաների նկատմամբ հավակնում է ոչ միայն հրապարակային հայտարարությունների մակարդակով, այլ փաստաթղթերով:
2020-ից հետո Ադրբեջանի տարածքը բաժանվել է տնտեսական գոտիների, որոնցից մեկը Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտին է:
Պատկերացրե՛ք, Հայաստանի կառավարությունը հանրապետությունը բաժանում է տնտեսական գոտիների, որոնցից մեկի անունն է՝ Սյունիքի և Արցախի տնտեսական գոտի:
Այնպես որ, երբ մեր Անկախության Հռչակագիրն ենք լուսարձակի տակ առնում, արժի նաև հիշեցնել, որ այսօր Ադրբեջանը Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններ ունի և՛ փաստաթղթային, և՛ պետական-պաշտոնական խոսույթի, և հնարավոր բոլոր մակարդակներում:
Հասկանում եմ, որ մենք պարտվել ենք․․․»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան