«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
62
Այսօր, 00:36
Այժմ չգործող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշմանդամություն ունեցող երեխային հատակը մաքրելու փայտով ծեծել են մի վայրում, որտեղ պետք է հոգ տանեին նրա մասին։ Իրականում՝ խնամք, որից երեխային պետք է պաշտպանել։ Պետության պարտավորությունը չի սկսվում հաշմանդամություն ունեցող երեխային ծեծի ենթարկելուց հետո և չի ավարտվում ենթադրյալ բռնարարին աշխատանքից ազատելով կամ տնային կալանքով։ Խարբերդի մանկատանը տեղի ունեցած բռնության մասին հանրությանը հայտնի դարձավ ուշ՝ մամուլի հրապարակումից հետո։ Մինչդեռ նման դեպքերը պետք է հրապարակային արձագանք ստանան, հատկապես հիմա, երբ անկախ հանրային վերահսկողության մեխանիզմ այլևս (և դեռ) չկա։ Չպետք է մոռանալ, որ բռնությունը նման հաստատությունների լռելյայն հատկանիշն է։ Չի եղել և չի լինի խնամքի հաստատություն կամ ժամանակաշրջան, երբ բռնության, վատ վերաբերմունքի կամ խտրականության դեպքեր չլինեն։ Խնդիրը միայն այդ դեպքերը չեն։ Խնդիրը հենց այդ հաստատությունների գոյությունն է։ Եթե չենք ուզում, որ բռնություն լինի, չպետք է լինեն նաև այս հաստատությունները։ Ընտանիքում մեծանալը, խնամքի այլընտրանքային ձևերը հնարավոր են յուրաքանչյուր երեխայի համար, եթե պետությունը դրա համար անհրաժեշտ ջանք ու միջոցներ է գործադրում։ Իսկ քանի դեռ այդ հաստատությունները կան, պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի համակարգ, որը կանխում է բռնությունը, ժամանակին հայտնաբերում դրա նշանները, ապահովում դրա մասին բարձրաձայնելու անվտանգ մեխանիզմներ բոլոր երեխաների համար, երաշխավորում պատշաճ քննություն, երեխայի արագ վերականգնում։ Հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները դժվարանում են պատմել բռնությունների մասին։ Պատճառները շատ են։ Նաև որովհետև նրանց խոսքն ավելի հաճախ են կասկածի տակ դնում, փորձում գտնել արդարացումներ։ Լուրից հետո նայեցի, թե ինչ էինք գրել մեր նախորդ զեկույցներում այդ հաստատության մասին։ 2021 թվականին դիտորդական խմբով այցելել էինք Խարբերդի մասնագիտացված մանկատուն։ Դիտարկման ընթացքում արձանագրել էինք խնամվող անչափահասի նկատմամբ վատ վերաբերմունքի և խտրականության դեպք։ Մասնագետներն ինձ ազատ պատմում էին իրենց արածի մասին՝ կարծեք համոզված լինեին, որ ամեն ինչ ճիշտ են անում։ Մանկատուն նոր տեղափոխված ՄԻԱՎ ունեցող դեռահասին աշխատողները դիպչում էին ձեռնոցներով, առանձնացրել էին նրա սպասքը, հագուստը լվանում էին առանձին և մյուս երեխաներին հորդորել էին հեռու մնալ նրանից՝ չնայած վաղուց աշխարհին հայտնի է, որ ՄԻԱՎ-ը նման շփման միջոցով չի փոխանցվում։ Դա էլ մեկի սխալը չէր։ Բոլորն էլ գիտեին։ Ես վստահ չեմ, որ իրավիճակը փոխվել է։ Վստահ չեմ նաև, որ բոլոր նոր ընդունվող աշխատողները երեխաների հետ աշխատանքն սկսելուց առաջ ստանում են անհրաժեշտ գիտելիքը, իսկ պետությունը համոզվում է, որ երեխան հուսալի ձեռքերում է։ Վստահ չեմ, որովհետև այդպես չէ։ Այսօր հույսը միայն մյուս աշխատողների բարեխղճությունը կամ «ողորմածությունն» է։ Այդպես անել չի կարելի։ Դա չպետք է լինի բռնությունը կանխելու կամ բացահայտելու միակ եղանակը։ Փորձով գիտենք, որ հաստատություններում բռնության մասին լռությունը խախտվում է ոչ թե այն պատճառով, որ համակարգը հանկարծ խիղճ է ձեռք բերում, այլ որովհետև հաստատության ներսի կլանային շահերը բախվում են։ Եվ երեխայի իրավունքի մասին հիշում են հիմնականում անձնական հաշիվներ մաքրելու կեղտոտ խաղում։ Այս դեպքով էլ անհրաժեշտ է պատասխանել ոչ միայն այն հարցին, թե ինչ պատասխանատվություն կկրի դայակը, այլև՝ ո՞վ էր պարտավոր կանխել բռնությունը, ո՞վ կարող էր կանխել բռնությունը, եղե՞լ են նախկինում նշաններ, որոնք անտեսվել են։ Երեխային տրամադրվե՞լ է անկախ հոգեբանական և իրավական աջակցություն, և նա ստանալո՞ւ է պետության՝ իրեն պաշտպանելու պարտավորության ձախողման հետևանքով պատճառված վնասի համար փոխհատուցում՝ հիմա կամ գոնե մոտ ապագայում։ Չեմ կարող այս հարցերի պատասխանները ստանալ այսօր, որովհետև դիտորդական խումբը շուրջ երեք տարի առաջ փակվեց։ Հեշտությամբ։ Նույն հեշտությամբ այն չի վերաբացվում։ Շատ հուսադրող չէ նաև նախարարի՝ խմբի վերագործարկման նոր հրամանը, որի մասին՝ ավելի ուշ։ Առայժմ միայն արձանագրենք, որ անկախ վերահսկողության բացակայությունը ժամանակավոր տեխնիկական խնդիր չէր։ Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի, իսկ այնտեղ ապրող երեխաներին՝ առանց լսելի ձայնի»։