Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան

47
Երեկ, 23:42
«Ջրային «թատրոն»՝ նախընտրական միավորներ հավաքելու ակնկալիքով»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, թե կառավարության միջամտության արդյունքում չի լինի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն, ինչպես նախապես հայտարարել էր «Վեոլիա ջուր»-ը:

Պարզ ասած՝ չի լինի այն, ինչ ասել է «Վեոլիա ջուր»-ը:

«Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից, և օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի է ունեցել քննարկում, և որոշում է կայացվել՝ կասեցնել ժամանակացույցի գործողությունը։ Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։ Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում»,-գրել է Խուդաթյանը:

Շատ հետաքրքիր թատրոն է, իհարկե: Թատրոն, որովհետև, մեղմ ասած, չեմ հավատում, թե «Վեոլիա ջրի» ղեկավարությունը գտնվել է այն աստիճան անշրջահայաց, որ կարող էր նախընտրական այս փուլում անել ջրամատակարարման վերաբերյալ այդպիսի հայտարարություն, առանց կառավարող ուժի կարծիքը նախապես շոշափելու:

Ըստ այդմ, կառավարության արագ արձագանքը վկայում է, որ «Վեոլիա ջրի» հայտարարությունը, ըստ ամենայնի, «նախերգանքն» էր, որպեսզի հետո արդեն «բեմ ելնի» կառավարությունն ու հայտարարի, թե կասեցրել է ջրամատակարարման սահմանափակումների որոշումը, հավաքելով կամ ակնկալելով հավաքել նախընտրական միավորներ:

Այլապես առաջանում է հարց, մասնավորապես Խուդաթյանի հետևյալ մտքից հետո՝ «Խնդիր է ձևակերպվել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացնելու լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների նկատմամբ լավարկված և բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։ Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում»:

Այսինքն, ստացվում է, որ «Վեոլիա ջուր»-ը, Ջրային կոմիտեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզապես դրսևորում են հանցավոր անգործությո՞ւն, եթե վերը նշված հարցերով պետք է զբաղվեին միայն այն բանից հետո, երբ «Վեոլիա ջուր»-ն աներ կառավարող ուժի համար նախընտրական անբարենպաստ հայտարարություն, իսկ կառավարությունն էլ արագ միջամտեր ու հանձնարարեր ոչ միայն չսահմանափակել, այլև նույնիսկ ներկայացնել նախորդ երկու տարիների համեմատ ավելի լավ ջրամատակարարման ժամանակացույց:

Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարող համակարգի հանցավոր անգործության կամ առնվազն անփութության ու անպատասխանատվության խոստովանություն, կամ պարզապես դյուրահավատ և պարզմիտ «հանդիսատեսի» համար նախատեսված պրիմիտիվ թատրոն:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան