Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.

«Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ». Աղվան Վարդանյան

52
Այսօր, 16:24
«Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ». Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՇՈՏՅԱՆ, ՍՈՒՏ Է ԵՎ ԱԶՆԻՎ ՉԷ
Երկար մտածում էի՝ խոսե՞մ, թե չէ: Երբ մարդուն գնահատում ես, չես ուզում կորցնել։ Մինչև նա չի խախտում այս պարզ, մարդկային օրենքը: Գիտեմ՝ խոսելը բան չի փոխելու, բայց չխոսես, կմտածեն՝ պատասխան չեղավ, հաջորդ անգամ ավելին թույլ կտան իրենց։ Այլևս երկու հոգու մեջ մարդկային ոչինչ չի մնա: Քանի որ գնահատում եմ՝ պատասխանեմ:
Անցած շաբաթ օրը Գյումրիում էինք՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներով: Ժողովրդի հետ հանդիպում, դահլիճում՝ մոտ 400 քաղաքացի: Հարցուպատասխանին մեկը ասում է՝ ինչո՞ւ ճշմարտությունը չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, որ էս խեղկատակին (բնականաբար Ն.Փ.-ին նկատի ունի) բերել են առաջին ու երրորդ նախագահը: Ավագի իրավունքով վերցնում եմ բարձրախոսը:
-Անունդ ի՞նչ է,- հարցնում եմ: -Մնացական:
Մնացական ջան, ասում եմ, մենք ի՞նչ ենք անում էստեղ, ինչի՞ց ենք խոսում: Ասում ենք՝ էս չարիքը պետք է հեռացնենք: Նպատակը սա է, խնդիր ունենք լուծելու: Էսօր մենք բանակցում-քննարկում ենք ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, ձեզ հետ՝ ի՞նչ քայլեր անենք միասին, ինչպե՞ս գլխավոր խնդիրը լուծենք: Հիմա մեզ ի՞նչ է տալու անցյալը փորփրելը: Հիմա պետք է ոչ թե հետ, այլ՝ առաջ նայել, որ նպատակն իրագործվի, խնդիրը լուծվի: Մենք էլ շատ բան ենք տեսել, շատ բան գիտենք, բայց դրա ժամանակը չէ, անիմաստ է: Էդպիսի կարծիք ունեցողներ կան, կասկածներ կան, հեռացնենք, հետո կխոսենք։ Հիմա խնդիրը լուծելու ժամանակն է:
Համաձա՞յն ես, Մնացական,- ասում եմ ու չսպասելով պատասխանի՝ համաձայն ես, ասում եմ: Դահլիճը ծափահարում է:
Հաջորդ օրը ինձ են ուղարկում Արմեն Աշոտյանի (արդեն ասել եմ՝ գնահատելի մարդու) լայվը՝ «Ո՞վ է բերել Նիկոլին» վերնագրով: Ասում է՝ «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը բեմադրված հարցի է պատասխանում: Սուտ է ասում:
Ինքը լավ գիտի՝ ո՛չ ներկուսակցական, ո՛չ այլ բեմադրությունների չեմ մասնակցում: Գյումրեցի մարդը հարց է տվել. ի՞նչ բեմադրված: Բայց որ սուտն ասել է, էլ չի կարողանում կանգնել։ Առանց անունները տալու՝ սկսում է Նիկոլին բերելու մեջ մեղադրել «Հայաստան» դաշինքի ներկա բոլոր պատգամավորներին՝ Աննա Գրիգորյանին, Սեյրան Օհանյանին, Լևոն Քոչարյանի ընտանիքին, դաշնակցականներ Իշխան Սաղաթելյանին, Քրիստինե Վարդանյանին, Արթուր Խաչատրյանին: Ու ոգևորված եզրակացնում՝ ավելի մեծ մեղավորներ չկան:
Հետո էլ ուրախ չարախնդում է, թե ընդդիմադիր դաշտում «Հայաստան» դաշինքն այլևս առաջին ջութակ չէ ու հորդորում է՝ հեռու խաղալ «Հանրապետական» կուսակցությունից:
Լայվը լսելուց հետո զանգում եմ Աշոտյանին, մտերմաբար, ինձ նման մի քիչ կոպիտ ասում եմ՝ ինչ մտածում եմ և ինչ եմ պատասխանել քաղաքացուն:
Ասում է՝ ես «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն եմ:
Ուշադիր լսիր, Աշոտյան, «Հանրապետականի» հետ ոչ մոտ, ոչ հեռու խաղալու ցանկություն չունեմ: Խնդիր կա լուծելու, որոշեք՝ մասնակցում ե՞ք, թե չէ: «Հայաստան» դաշինքին, նախագահ Քոչարյանին թիրախավորելը գերնպատակ մի դարձրեք: Շատ եք արել։
Առաջին, երկրորդ, հինգերորդ ջութակի թեմա էլ չկա: Կա նպատակ, կա խնդիր, կա լուծում։ Մենք դրանով ենք զբաղված:
Լավ է, որ «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն ես, բայց վատ է, որ սուտ ու պարտադրված ես խոսում: Մի վտանգավոր միտք էլ՝ վատն է այն փոխնախագահը, ով չի ուզում նախագահ դառնալ:
Ավարտեցի։ Այսքանը։ Վերջ»։

Աղբյուրը`   Աղվան Վարդանյան