Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.

«Ընտրողների և ընտրվողների օրակարգում Արծվաշենն ու Արցախը չկան»․ Կարեն Հեքիմյան

52
Այսօր, 17:12
«Ընտրողների և ընտրվողների օրակարգում Արծվաշենն ու Արցախը չկան»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաճախ Արծվաշենի մասին եմ գրում, այնտեղից նկար կամ տեսանյութ հրապարակում: Հետապնդվող նպատակը մեկն է՝ չմոռանալ Արծվաշենը, փորձել Արծվաշենի խնդիրն օրակարգում պահել:
Այժմ պատմական օրեր են: 1988 թվականի փետրվարի 13-ին ԼՂԻՄ-ում դե ֆակտո մեկնարկեց Ղարաբաղյան շարժումը, որը նույն թվականի փետրվարի 18-ին «հասավ» ՀԽՍՀ:
Հատուկ հետևում եմ լրահոսին: Ղարաբաղյան շարժման վերաբերյալ և ոչ մի հիշատակում չկա: Տպավորություն է՝ 1988 թվականի փետրվարն օրացույցում ի սկզբանե չկար: Փաստորեն, մոռացանք: Բա, եթե Ղարաբաղյան շարժման պատմական օրերն ենք մոռանում, ապա 2020 թվականի կապիտուլյացիայի մեղավորներն ովքե՞ր են, որ չմոռանանք: Իհարկե, կմոռանանք: Կգնանք ընտրության և կրկին կընտրենք: Դե, ամեն ինչ կմոռանանք, էլի:
Ինչո՞ւ Արծվաշենը հիշեցի, այնուհետև՝ Արցախը: Որովհետև, խորապես համոզված եմ, որ Արծվաշենի և Արցախի խնդիրը պետք է լուծենք մենք՝ մարդիկ, որոնք ֆիզիկապես (առերևույթ) տեսել են Արծվաշենն ու Արցախը: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ խնդրի լուծման համար: Միանշանակ՝ հիշել:
Իսկ ի՞նչ է անհրաժեշտ հիշելու համար: Միանշանակ՝ անընդհատ հիշեցնել: Այնպես, ինչպես շուրջ 100 տարի բոլոր հնարավոր միջոցներով աշխարհին հիշեցնում ենք (էինք) Հայոց ցեղասպանության մասին: Այդպես է ձևավորվում օրակարգը: Գոնե՝ վերջինիս հիմքը:
Ինչևէ: Դրսում փետրվարն է՝ Ղարաբաղյան շարժման դե ֆակտո ծննդյան ամիսը: Շատ քչերն են դա հիշում: Բոլորն ընտրություններով են զբաղվում, ցուցակներ կազմում: Փաստորեն, ընտրողների և ընտրվողների օրակարգում Արծվաշենն ու Արցախը չկա: Այդ դեպքում, ինչո՞ւ են նրանք ընտրվում, կամ ինչո՞ւ են նրանց ընտրում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան