Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 փետրվարի, 2026 թ.

«Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի»․ Արմեն Պետրոսյան

43
Այսօր, 12:18
«Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ֊ի հարձակումն Իրանի դեմ ավելի կանխատելի է դառնում
Վերջին օրերին ԱՄՆ-ն ահռելի ծավալի քաղաքական, քարոզչական, ռազմական բնույթի ճնշում է գործադրում Իրանի դեմ, որի նպատակն է բանակցային հարթությունում Իրանին պարտադրել ամերիկյան կողմի վերջնագրային մոտեցումները։ Իսկ նման պայմաններում իրանական կողմի՝ ժամանակ ձգելու մարտավարությունն իր հերթին հայտնվել է փակուղում։
Այս պահին Իրանի հարևանությամբ ամերիկյան ներկայությունը հասել է պատմական առավելագույնի։ Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնն առանց փոխզիջման և իր առաջ քաշած պայմաններին չհամաձայնելու դեպքում կսկսի բազմաշերտ ռազմական գործողություն Թեհրանի դեմ։
Ամերիկյան և միջազգային լրատվամիջոցները, մեկը մյուսին հերթ չտալով, գրում են, որ Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի՝ ԱՄՆ վերջին այցից հետո Իրանի դեմ բազմակողմանի ռազմագործողության որոշումն արդեն կայացված է։ Զուգահետաբար տարածվում է մեծածավալ տեղեկատվություն տարածաշրջանում ամերիկյան տարաբնույթ ռազմական մանևրների մասին։ Ամերիկյան կողմի քաղաքական հռետորաբանությունն էլ համեմատաբար կոշտացել է։
Աստիճանաբար հաստատվում է այն սցենարը, որ Օմանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների 2 փուլերն ընդամենը քարոզչական և քաղաքական ֆոն են։
Իսկ կանխատեսվող ռազմագործողության առաջին փուլը կարող է ենթադրել թիրախային հարվածներ Իրանի կրոնական, քաղաքական իշխանությունների ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմական օբյեկտների դեմ։ Դրան զուգահեռ՝ տարբեր գերծակալական ցանցերի կողմից կարող են խրախուսվել/հրահրվել վարչակարգի դեմ բողոքի գործողություններ արդեն երկրի ներսում։
Իսկ ռազմագործողության հաջորդ փուլերը կարող են զարգանալ արդեն՝ ըստ իրավիճակի։
Հ.Գ. Եվ, այնուամենայնիվ, կարճաժամկետ հեռանկարում, այսինքն՝ Վաշինգտոնում կայանալիք Խաղաղության խորհրդի անդրանիկ գագաթնաժողովի օրերին, հարձակումը երևի թե տեղի չի ունենա»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան