Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ.

«Oգտվողը ՔՊ-ականներն են, որոնց հայտարարագրերը պայթում են փքվածությունից»․ Սևակ Հակոբյան

72
Այսօր, 01:06
«Oգտվողը ՔՊ-ականներն են, որոնց հայտարարագրերը պայթում են փքվածությունից»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Դե թալանը հիմի դու տես․ «Կարճ ասած»
Մի հատ գրառումների շարք ունի Նիկոլ Փաշինյանը, անունը՝ «հատիկառհատիկ»․ մի 10 օրը մեկ ինչ-որ հրապարակումներ է անում, թե ինչ է վերադարձվել պետությանը։ Իհարկե՝ թե ում է վերադարձել՝ ինձնից լավ գիտեք, ով էլ չգիտի, հաղորդման ընթացքում կանդրադառնամ։ Եվ այսպես՝ մեկ օր առաջ գրել է, թե Տավուշի մարզի Իջևան համայնքին է վերադարձվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ 350 քմ մակերեսով հողամասը, մոտավոր արժեքը՝ 2 միլիոն 392 հազար դրամ։ Դրանից առաջ գրում է՝ Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել Գլաձոր համայնքում 1600 քմ մակերեսով 2 հողամաս, մոտ 2 միլիոն դրամ արժեքով: Դրանից առաջ գրում է՝ ՀՀ-ին է վերադարձվել Գառնի գյուղում գտնվող՝ 6.3 հա մակերեսով, 1 միլիոն 275 հազար դրամ արժեքով հողամաս։ Էնպես էլ գրել է՝ ՀՀ-ին է վերադարձվել, կարծես Ադրբեջանից է հետ բերել։ Դատախազությունը որ 10 քառակուսու համար քրգործ է հարուցում, հետ է բերում, էն 200 հեկտար օկուպացրած տարածքից քա՞նի մետր են հետ բերել։ Թե՞ թշնամու զավթումները քրեական հանցագործություն չեն։ Վերադառնանք Նիկոլին․ գրում է՝ վերարձվել է Լոռու Կողես բնակավայրի 2 հեկտար մակերեսով, 1,8 մլն դրամ արժեքով հողամաս։ Ժողովուրդ ջան, էսքանը միասին դեռ մեկ նախարարի դեկտեմբերին ստացած պարգևավճարի չափ չկա։
Անըդնհատ հեռուստատեսությամբ, իրենց մամուլով, նաև ընդդիմադիր մամուլով հրապարակվում են, թե պետությանն է վերադարձվել այսքան հողամաս, ժողովրդին է վերադարձվել այսքան հող, այսքան անշարժ գույք, այսքան շարժական գույք․ «վերադարձվել է ժողովրդին, վերադարձվել է պետությանը, համայնքին, ՀՀ-ին», լավ է հնչում, տպավորություն է, թե հսկայական գործ են անում, թալան են հետ բերում, ու մարդիկ չեն խորանում դրա տակ, թե ինչ կա։ Օրինակ՝ x գյուղի դպրոցին կից կա ֆուիտբոլի դաշտ, կողքին՝ 200 քառակուսի մետր անմշակ, անտերության մատնված հողամաս, մեկ էլ Նիկոլը գրում է, թե այ դա ինչ-որ մեկի սեփականությունն էր, հիմա վերադարձվել է պետությանը։ Անցնում է 3 տարի, այ էդ հողը ոնց կար, էնպես մնում է անմշակ, ոչ մի բան դրա հետ տեղի չի ունենում, բայց արդեն պետական է։ Ո՛չ էն ժամանակ էր ժողովրդին հետաքրքիր, ո՛չ հիմա, ուղղակի եթերով ֆռացրին, փորձեցին ներկայացնել թալանի վերադարձ․ 200 քառակուսի մետր, բայց հսկայական աղմուկ։
Մարտունու եսիմոր գյուղից 105 քառակուսի մետր հող են վերադարձրել, շուկայական արժեքը՝ 210 հազար դրամ կամ հայտնի «Ռենջ»-ը՝ 7 հազար դոլարով, ինչքան շրջանառվեց․ բայց կողքից մեկ այլ՝ շատ թանկարժեք գույք ՔՊ-ական օլիգարխից չեն կարողանում վերցնել, ու դրա մասին լռում են։ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքի համար դատախազությունը վարույթ է սկսում ու «կրվում է» բոլոր ատյաններում։ Մի քանի միլիոն դոլար արժեքով գույքը ընդամենը 5655 դոլարով Սուքիասյանենց նվիրվել էր 90-ականներին, երբ Երևանի քաղաքապետը ՀՀ այսօրվա նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։ Այսօր այդ գույքի արժեքը ավելի մեծ է, քան Նիկոլի, այսպես կոչված, ժողովրդին վերադարձրած բազմաթիվ հողամասեր՝ միասին վերցրած։
Կարդում ենք՝ Իջևան համայնքում շատրվանների մոտ ինչ-որ 30 քառակուսի հողամաս կա, հետ են բերում, Սյունիքի Ալվանք բնակավայրում էլ մի 800 քառակուսի հող են հետ բերում, Իջևանի Վալանսի փողոցում՝ 600 քառակուսի մետր, Իջևանի Անկախության փողոցում՝ 10 քառակուսի մետր։ 10 քառակուսի մետր հողամաս հետ են վերցրել ինչ-որ մասնավորից, դատախազությունը նյութ է սարքում, Նիկոլն էլ դնում է իր էջին, կամ Իջևանի նույն Անկախության փողոցի այլ հասցեից՝ 30 քառակուսի, Մեղրի համայնքից՝ 200 և 500 քառակուսի մետր հողամասեր։ Սրանք գործընթացներ են, որ եղել են միշտ, 30 տարի, ուղղակի ամեն 10 քառակուսի հետ բերելու համար դատախազությունը մամուլի հաղորդագրություն չի տարածել։ Հիմա կազմում են, մենք էլ հաշվում ենք, գումարում ու տեսնում, որ մինչ այս թվարկածս բոլորը միասին ավելի շատ չեն, քան Նիկոլ Փաշինյանի ու փոխվարչապետների պարգևատրած պարգևավճարները։ Նիկոլն ու փոխվարչապետներն ավելի շատ են պարգևավճար ստացել մի տարում, քան էն, այսպես կոչված, հետ բերած գույքերի արժեքն է, որը թվարկում եմ 10 րոպե։
Ռեպորտաժներ են պատրաստում, թե Արարատի մարզում պետությանն է վերադարձվել 15 տարի չշահագործվող մանկապարտեզի շենք Նարեկ գյուղին է վերադարձվել մշակույթի տունը՝ շուրջ 13 միլիոն 411 հազար դրամ արժեքով․ մշակույթի տուն, որն ընդամենը 34 հազար դոլար արժե, պատկերացրեք ինչ վիճակում է գտնվում․ այ դա հայտարարում են, բայց չեն հայտարարում, որ, օրինակ, պետությանը չի վերադարձվելու 16 մլն դոլար արժեցող «Սպարտակ» մարզադաշտը։
Չափազանց ուշագրավ է, որ դատախազությունը, որը 10 քառակուսի կամ 10 հեկտար հողի պահանջով մտնում է դատարան ու հաղթում է, բայց շռնդալից պարտվում է ՔՊ-ականներին պատկանող մի քանի միլիոն դոլարի գույքերի դեմ պատերազմում։ 300 մետր հողը, մշակույթի վթարային տունը հետ է բերում, բայց Խաչատուր Սուքիասյանի «Սիլ Պլազան» չի կարողանում։ Դատախազությունը ինչ հայց որ պաշտպանում է, կլինի մարդու բանտարկել, թե հողը ձեռքից առնել, կարողանում է, բայց հասնում է ՔՊ-ին ու դառնում է անօգնական մի մարմին։ Չեմ ուզում մտնել հայցի մեջ․ արդյունքը էս ա։
Հաղորդագրություն են տարածում, թե՝ Իջևանում մի փողոցից 4 հատ հողամաս է վերադարձվել համայնքին․ շուկայական արժեքները գումարում ես իրար ու պարզվում է՝ այդ 4 հողամասերի արժեքը միասին վերցրած՝ ավելի քիչ է, քան իջևանցի՝ Նիկոլի քավորի եղբայր պատգամավորի դեկտեմբեր ամսվա պարգևավճարը։
Ժողովուրդ ջան, սրանք էդ կորած-մոլորած, քարտեզից ու գլոբուսից դուրս գտնվող հողերի մասին խոստում չեն տվել․ հիշո՞ւմ եք դրանց ելույթները․ դղյակների մասին էին, մատնացույց էին անում Մոնումենտի դղյակները․ կասե՞ք քանի դղյակ եք հետ բերել։ Հեսա կասեն՝ Հովիկ Աբրահամյանի դղյակը․ իսկ հիմա ո՞ւմ է պատկանում, էնտեղ ժողովուրդն է ապրում, թե՞ նիկոլամերձ օլիգարխ։ Ծաղկաձորում մի հատ հյուրանոց կար, «Գոլդեն փելես», էն որ սեփականատիրոջ հետևից ընկան՝ իբր «նվիրեց» պետությանը, ժողովրդին է վերադարձվե՞լ, թե՞ էլի ինչ-որ օլիգարխի։ Նիկոլի էս թվարկած ամբողջ հատիկառհատիկ շարքը էդ հյուրանոցի անգամ սանհանգույցների գինը չունի։ Դատախազությունը, որ շռնդալից հայտարարում է, թե Կապան համայնքին է վերադարձվել 4 հեկտար մակերեսով հողամաս, Լոռու մարզի Օձուն բնակավայրում ևս 4 հա մակերեսով հողամաս, Եղեգնաձորում 1,600 քմ, Վայքում 1,000 քմ, Աբովյանում, Գավառում ու էլի մի 10 քաղաքում հողամասեր, էդ բոլորի արժեքը գումարում ես ու անգամ էդ հյուրանոցի երկրորդ հարկի զուգարանների գինը չի կազմում։ Իսկ ո՞ւմ եք վերադարձրել էդ հյուրանոցը, ժողովրդի՞ն․ սիրելի օլիգարխիդ, որի մասին Նիկոլի կինը ասում է, թե նրա հետ առնչություն չունի։ Կրկնում եմ, Էն գույքը, որ պետք է վերադարձվեր ժողովրդին, բայց վերադարձվել է ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ օլիգարխին, 20 անգամ թանկ է, քան սրանց թվարկած հողերը՝ միասին։ Էս դղյակներից ո՞ր մեկն է քեզ վերադարձվել, ժողովուրդ ջան։ Դե քանի որ ասում եք՝ վերադարձրել ենք «Գոլդեն Փելեսը» ժողովրդին, հերթ սահմանեք, թող ժողովուրդը արձակուրդի սեզոններին հերթով գա ձրի հանգստանա։ Ձեզ են վերադարձրել, ժողովուրդ ջան, բա ինչի՞ չեք գնում մի քանի օր դնջանաք։
Դատախազությունն ասում է՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ին է վերադարձվել է շուրջ 10 միլիոն դոլարին համարժեք 280 հազար 338 քմ մակերեսով անշարժ գույք, 2 մանկապարտեզ և 1 մարզադաշտ։ Ինչքա՞ն է պարգևատրվել ՔՊ-ական կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերին, մոտավորապես այդքան։ Այսինքն՝ ՔՊ-ականները պարգևատրվել են 280 հազար 338 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի, 2 մանկապարտեզի, 1 մարզադաշտի չափ գումար՝ միայն մեկ ամսում։ 10 մլն դոլար բերել են, 10 մլն դոլար պարգևատրվել են։
Ամբողջ 2025 թվականի ընթացքում, համաձայն դատախազության, մեկ ամբողջ տարում վերականգնվել է, ուշադրություն՝ 80 մլն դոլար։ Այսինքն ավելի քիչ, քան ԱՆԻՖ-ով թալանը և պարգևավճարները։ 80 մլն դոլար հետ են բերել, բայց 1 մլրդ դոլար պարտք են վերցրել։ Մի ամբողջ տարում սրանք չեն կարողացել հետ բերել այնքան գումար, որքան մսխել են ընդամենը մեկ որոշմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից։
Կարճ ասած՝ թեև սրանք ասում էին՝ թալանը վերադարձնելու ենք ժողովրդին՝ կոպեկ առ կոպեկ, հատիկ առ հատիկ, սակայն միակ օգտվողը եղել են ՔՊ-ականները, որոնց հայտարարագրերը արդեն պայթում են փքվածությունից։ Դատախազությանը հարցում եմ ուղարկում, թե քա՞նի ՔՊ-ական է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ հայցերով, պատասխանում են՝ առանձին վիճակագրությւոն չկա․ ավելի ազնիվ եթե պատասխանեին, կգրեին՝ ոչ մի։ Լույսի արագությամբ հարստացող ՔՊ-ականներից և ոչ մեկի ունեցվածքը ժողովրդին վերադարձնելու նպատակ, բնականաբար, չեն դրել։
Իհարկե՝ ժողովուրդը շատ հանդուրժող է այս թալանի նկատմամբ․ բայց դե դա էլ ունի վերջ։ Ընդամենը մի քանի ամսից, երբ այս իշխանությունը հեռանա, այ էդ ժամանակ, կարծում եմ, ժողովուրդը, ամեն մեկը մի պոպկորնի ապարատ կգնի-դնի տանը, որ բազմոցին նստած հետևի սրանց թալանի մասին բացահայտումներին»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան