Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»»․ Գոհար Մելոյան

68
Երեկ, 23:12
«Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»»․ Գոհար Մելոյան

Փաստաբան Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»
Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ։
17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպությունները ԱՆՋԱՏ են պետությունից։
ԱՅՍԻՆՔՆ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պետական մարմիններից ԱՆՋԱՏ լինելը՝ ՀՀ սահմանադրական կարգի կարևոր պայման և տարր է։
1․ Երբ պետական իշխանության որևէ մարմին կամ ներկայացուցիչ, լինի՝ օրենսդիր, գործադիր կամ դատական, միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կամ որևէ այլ կրոնական կազմակերպության ներքին գործերին և հարաբերություններին, խախտվում է Սահմանադրության 17-րդ հոդվածը և, հետևաբար, խախտվում է ՀՀ սահմանադրական կարգը, որի պայմանն ու տարրն է կրոնական կազմակերպությունների՝ պետական մարմիններից անջատ լինելը։
2․ Երբ առաջին ատյանի դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց և իր ակտով փաստացի «նշանակում» է Մասյացոտնի թեմի առաջնորդին, տեղի է ունենում ուղղակի միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին, և փաստացի վերացվում է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիությունը ՀՀ իրավական համակարգում։
3․ Երբ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնում՝ նշված դատական ակտը չկատարելու հիմքով, դա նույնպես ուղղակի միջամտություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին և հարված է ինչպես Սահմանադրության 17-րդ հոդվածին, այնպես էլ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին։

Դժվար է պատկերացնել, որ իրավաբանական կրթություն ունեցող որևէ անձ կարողանա փաստարկել, թե նշված գործողությունները Սահմանադրության 17-րդ հոդվածի ուղղակի խախտում ՉԵՆ»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան