«Թույլ չե´նք տա Հայաստանը վերածել թուրքական ծայրագավառի». «ՀայաՔվե»
125
Երեկ, 10:06
«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Թույլ չե՛նք տա Հայաստանը վերածել թուրքական ծայրագավառի • Այսօր Արցախյան շարժման 37-րդ տարեդարձն է։ Արցախյան շարժումն ու առաջին պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակը մեր արդի պատմության առավել փառավոր էջերից են։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սկիզբ է առել որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ պատժելու Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողներին։ Արցախը մեր հայրենիքն է, այն կրկին հայացվելու է։ Արցախի ինքնորոշումը և Մայր հայրենիքի հետ վերամիավորումը հայ ժողովրդի հավաքական կամքն է՝ արտահայտված Հայաստանի անկախության հռչակագրով, և մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր պայքարը հանուն այդ կամքի իրացման: Իսկ հակազգային օրակարգով Հայաստանում իշխանությունը զավթած վարչախմբի պարագլխի երեկվա «գաղափարախոսական ուղերձ» կոչվող ցնդաբանության վերաբերյալ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը․ • Հայաստանի Անկախության հռչակագիրը ընդունվել է Հայաստանի պատմության ամենաժողովրդավարական ու լեգիտիմ հիմունքներով ընտրված խորհրդարանի՝ ՀԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն Խորհրդի կողմից՝ բացառիկ կոնսենսուսային պայմաններում։ • Անկախության հռչակագիրն արտահայտում է հայ ժողովրդի հավաքական կամքը և ձևակերպվել է Հայաստանի պետականաշինության, անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում ծանրակշիռ վաստակ, հանրային բարձր հեղինակություն ու հարգանք ունեցող այրերի կողմից։ • Հայ ժողովրդին անհնար է անվերջ խաբել, նրան հնարավոր չէ պարտադրել իր անկախ պետականության հիմնադիր փաստաթուղթը փոխարինել Հայաստանը Թուրքիայի արբանյակը դարձնող և կիսագրագետ մարդկանց կողմից ձևակերպված ցնդաբանությամբ։ «ՀայաՔվեն», որը դեռևս 2023 թվականից պայքար է ծավալել ՀՀ Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունների դեմ, հետևողական կշարունակի իր պայքարը և թույլ չի տա Հայաստանը թուրքական ծայրագավառի վերածել։ Սա վճռական հանգրվան է, և մենք կպաշտպանենք հայկական անկախ պետությունը»: